«Խուժան օրենքի» տարածողը Բիշարյա՞նն է
6 ամսից ավելի է` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի կարողանում ոչ բանկ մտնել, ոչ խանութ` իրեն մեղադրում են, թե այլասերված օրենքի նախագիծ է հեղինակել։
«Շահարկվում է կոնկրետ իմ անունը, որպես համահեղինակ, մեր քաղաքական թիմի անունը: Որպեսզի ես ձերբազատվեմ այս ամեն ինչից, պարզապես ասում եմ` եկեք ձերբազատվենք գենդեր բառից»,- առաջարկում է Հեղինե Բիշարյանը:
Տիկին Բիշարյանը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նոր նախագծի համահեղինակն է, որն ավելի հայտնի է` «Գենդերային հավասարության մասին» օրենք:
Սոցիալական տարբեր շերտեր ընդվզել են այս նախագծի դեմ` վստահեցնելով, որ այն քարոզում է սեռական այլասերվածություն: Հեղինե Բիշարյանը սրտնեղել է` իր նախագծի նպատակն ընդամենը կանանց եւ տղամարդկանց հնարավորությունների ու պայմանների համահարթեցումն էր. «Հիմա ինձ մոտենում է գեներալ Սեյրանն ու ասում` տիկին Բիշարյան, էդ խուժան օրենքի տարածողն ասում են` դուք եք: Ես ուզում եմ, որ դուք ինձ հասկանաք ու ընկալեք որպես գործընկեր, քանի որ ես ծանր խնդրի առաջ եմ կանգնել»:
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր նախագծի քննարկումները ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում բավականին թեժ էին:
Հեղինե Բիշարյանին փորձեց օգնել ու խնդրից դուրս գալու ուղղություն ցույց տալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը. «Կանայք ասացին, որ դեմ չեն, եթե այդ բառը` գենդերը, փոխարինվի մեկ այլ, հայկական անվամբ»:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւս շտապեց օգնել Հեղինե Բիշարյանին. «Ուզում եք` մենք էլ դառնանք համահեղինակ, որ միայն ձեր անունը չլինի: Նկատի ունեմ` մենք պատրաստ ենք ձեզ աջակցել»:
Իսկ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ իրեն դժվար է ստորագրել այս նախագծի տակ, թեեւ գիտակցում է, որ գենդերը մեր օրենսդրության բաղկացուցիչ մաս է 1993թ.-ից. «Եւ խնձորը, եւ տանձը միրգ են, բայց եթե տեքստում խնձորը փոխարինես տանձով, տեքստի իմաստն ամբողջովին կաղավաղվի, այսինքն` տեքստ ընդունողին կհամարեն անգրագետ: Վաղը ՄՄ ենք մտնում, նրանց երկրներն են օգտագործում այս տերմինը, էդ առումով մեր ճանապարհը դեպի ՌԴ, անցնում է գենդերի ճանապարհով»:
Հանձնաժողովը միաձայն դեմ քվեարկեց նախագծին` ժամանակ տալով կառավարությանը վերամշակել այն: