Կոմայգում ակցիաներ կլինեն
Կոմայգին պետք է վերադարձվի երեխաներին: Այս պահանջի տակ արդեն 3000-ից ավելի ստորագրություն է դրվել:
«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանի խոսքերով՝ այգին ի սկզբանե ստեղծվել է երեխաների համար եւ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձինք իրավունք չունեն այդտեղ կանգնել:
«Այգում մտադիր ենք ակցիաներ կազմակերպել: Նույնիսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր այգին մաքրել նրանցից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սեւան Աղաջանյանը:
Երիտասարդներին հատկապես զայրացնում է այն հանգամանքը, որ մարմնավաճառները նույնպես իրենց դեմ են եւ նույնիսկ սպառնացել են դանակով հարվածել:
«Մարմնավաճառներից մեկը մեզ ասաց՝ դուք իմ հացին վայիս եք լինում, այսօր նրանց (համասեռամոլներին -հեղ.) եք դեմ, վաղը իմ դեմ եք պայքարելու»,- պատմեց Սեւան Աղաջանյանը:
Նախաձեռնության կազմակերպիչներն առաջարկում են համասեռամոլներին հատուկ վայր հատկացնել, օրինակ՝ ծայրամասերում, ինչպես կազինոները:
«Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ անդամ Մելինե Յավորյանն էլ համոզված է, որ պատկան մարմիններն են կանգնած նրանց թիկունքին: Այդ մասին բարձրաձայնել են նաեւ համասեռամոլները, սակայն անուններ չեն նշել:
Երիտասարդները համոզված են՝ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ապա հարցը կարող է լուծվել:
Իսկ առայժմ նրանք սպասում են Տարոն Մարգարյանի պատասխանին: