Նոյեմբերի 5-ը՝ ականատեսի աչքերով
«Շանթ Հարությունյանը իրականացրեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված, յուրաքանչյուր քաղաքացու ապստամբելու իրավունքը»։ Այսօր անդրադառնալով նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածին՝ նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Այն, որ ՀՀ իշխանությունը կամ գոյություն ունեցող քաղաքական կառավարումը ընդունում է այնպիսի օրենքներ, որը որպես վերջին միջոցի քաղաքացուն թողնում է ապստամբելու իրավիճակում, դա փաստ է։ Շանթ Հարությունյանը գերադասեց ոչ թե արտագաղթել, այլ ապստամբել այդ իրավիճակի դեմ՝ ապօրինի իշխանության դեմ»,-նշեց պարոն Սաքունցը՝ հավելելով, որ Շանթ Հարությունյանն իր գործողությունները սկսեց սեպտեմբերի 3-ից հետո, քանի որ ինքը անկախության համար պայքարող է։
Միջադեպի մասնակիցը խորհուրդ տվեց գնահատականներ չտալ տեղի ունեցածին, այլ փորձել հասկանալ պատճառները։ Նրա խոսքերով, ոստիկանությունը ապացուցեց իր կատարյալ ոչ պրոֆեսիոնալ լինելը. «Ուղղակի խայտառակ գործողություներ։ Ոստիկանության աշխատակիցները փորձում էին սադրել, գործողությունների դրդել մարդկանց՝ ասելով, որ գնանք ոստիկանության շենք, Շանթին ազատենք, իսկ հետո կորում էին ասպարեզից»,-նշեց Դավիթ Գեւորգյանը ։
Նա նաև մանրամասնեց, թե ինչպես էին ոստիկանները մարդկանց բերման ենթարկում. «7-8 հոգով կարմիր բերետավորները հարվածելով, քաշելով մարդկանց շպրտում էին ոստիկանական մեքենայի մեջ: Ինձ հետ մարդ կար նստած, որ ասում էր՝ ես սրտային հիվանդ եմ, մի բաժակ ջուր տվեք: Ասացին՝ սրտային հիվանդ ես՝ մեռի, այդ մարդը ուշագնաց եղավ»։
ՁՊՎ-երում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նելլի Հարությունյանը, ով տեսել է ձերբակալվածներին, նշեց, որ ձերբակալվածների պահման վայրի պայմաններից ոչ ոք դժգոհություն չի հայտնել։
«Ձերբակալվածների իրավունքներից խախտվել էին հարազատների հետ տեսակցելու և հեռախոսազանգից օգտվելու իրավունքները»։