«Քաղաքապետարանը և ոստիկանությունը Ֆլեշ Բարսեղի կողքին են»
«Մեր երկրում մշտապես գերակա է եղել օլիգարխի շահը»,- համոզված է «Երևան» դաշինքի անդամ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Անդրադառնալով Ամիրյան 24 հասցեում ծավալվող ապօրինի շինարարությանը, որը իրականացնում է հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը, նույն ինքը` «Ֆլեշ Բարսեղը», տիկին Բախշյանը նկատում է, որ քաղաքապետարանը և ոստիկանությունը մշտապես կանգնած են նման ապօրինությունների կողքին. «Երեկ կրկին նամակ եմ ուղարկել քաղաքապետին, մինչև այդ էլի եմ ուղարկել, ոչ մի պատասխան,իսկ ավագանու վերջին նիստին առաջարկեցի, խնդրեցի, որ բնակիչներին մասնակից դարձնենք նիստին, պատճառաբանեցին, թե տեղ չկա»,- նշեց տիկին Բախշյանը: «Էնքան են վախենում հարցերից ու առաջարկներից, որ նոր բան են որոշել`ավագանու յուրաքանչյուր անդամ այսուհետ 1 և ոչ թե նախկինի պես 3 հարց կարող է տալ, անցած նիստին 6 հոգով 18 հարց տվեցինք»,- տեղեկացրեց նա:
«Սրտները լցվումա, հուզվում են հարցերից: Որպեսզի ապացուցեն, որ տեղ չկա նիստերին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին մասնակից դարձնելու համար, դահլիճը լցնում են աշխատակազմի ղեկավարներով, աշխատակիցներով: Նկատել ենք, որ անգործությունից ու ձանձրույթից նիստի հետ կապ չունեցողները սկսում են նկարել թղթի վրա»,-հավելում է Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը: