Փաստաբանական դասընթացներ՝ զինվորների համար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի փաստաբանների հետ:
Արա Զոհրաբյանը Արցախում փաստաբանների գիտելիքի բարձրացման նպատակով ներկայացրել է հեռավար կրթության ծրագիրն իրականացնելու ցանկություն: ՓՊ նախագահը հայտնել է նաև, որ նախատեսում են զորամասերում զինվորների համար դասընթացներ կազմակերպել «Զինվորի իրավունքները և պարտականությունները» և «փաստաբանի դերը և նշանակությունը» թեմաներով:
Զորամասերում իրականացվող իրավագիտակցության բարձրացմանն ուղղված այս ծրագրի ընթացքում պետք է ներգրավեն նաև Արցախի փաստաբանները:
Ավարտին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը խոստացել է կայքի նախագիծ նվիրել Լեռնային Ղարաբաղի փաստաբանների պալատին, իսկ Փաստաբանական դպրոցի և պալատի անունից ԼՂՀ փաստաբանների պալատին հանձնել է համակարգիչ:
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ամփոփելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելությունը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումներին բոլոր պայմանավորվածությունների ուղղություններով աշխատանքներ ծավալել և պարբերաբար զեկուցել դրանց ընթացքի մասին:
ՀՀ Փաստաբանների պալատ