Արգելված տեսանյութ՝ բնապահպաններից (տեսանյութ)
Բնապահպաններն ահազանգում են, որ Սյունիքում աղետի մասին պատմող տեսանյութը հանվել է «Ար» հեռուստաընկերության յութուբյան էջից։ «Արգելափակելով հեռուստաընկերությունները, մամուլը փորձում են մեզ իզոլացնել ճշմարտությունից: Խնդրում ենք դիտել, ծանոթանալ և հնարավորինս տարածել այս նյութը: Դառնանք ալտերնատիվ մամուլ, տեղեկությունը տարածելու միջոց, սթափվենք, հողը ոտներիս տակից հոսում է»,- ասում են Համահայկական բնապահպանական ճակատի անդամները։
Սյունիքում իրականացվող հանքարդյունաբերական գործունեության ու դրա առաջ բերած բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների մասին պատմող փաստագրական տեսանյութ պատրաստվել է նաև Համահայկական բնապահպանական ճակատի անդամների կողմից, որի առաջին հանրային ցուցադրությունը տեղի ունեցավ ս/թ. հոկտեմբերի 8-ին Երևանում, իսկ այնուհետև նաև Լոս Անջելեսում, Վաշինգտոնում և Նյու Յորքում: Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող համալսարաններում և կրթական օջախներում, Հայաստանի մի շարք մարզերում և Արցախում ցուցադրվելուց հետո ՀԲՃ-ի պատրաստած տեսաֆիլմը` վերնագրված «Հայաստանի կոտրվող ողնաշարը», նույնպես հասանելի կլինի համացանցում: