Հրաչյա Հարությունյանը թոռնիկի նկարներն է ուզել
Այս տարվա հուլիսի 13-ն Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանը խնդրել է ուղարկել թոռնիկի լուսանկարները։
5 ամսվա ընթացքում ընտանիքի անդամները երբեւէ չեն խոսել նրա հետ։
Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, իրենց հայտնել են, որ խիստ հսկողություն է սահմանված եւ խոստացել են հեռախոսազանգը կազմակերպել դատից հետո։
Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում հոդվածով, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան։ Հրաչյա Հարությունյանին սպառնում է առավելագույնը 7 տարվա ազատազրկում։
Այս գործով դատական առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Ընտանիքի անդամները, սակայն, չեն մասնակցի նիստին։
«Ֆինանսական խնդիրներ եւս կան, սակայն փաստաբանն ասաց, որ մեր ներկայությունը ավելի շատ կխանգարի գործի ընթացքին»,- նշեց Լիլիթ Հարությունյանը։
Հրաչյա Հարությունյանի հարազատները նրան պարբերաբար սնունդ են ուղարկում։
Հիշեցնենք, որ հայ վարորդը ընդունել է իր մեղքը։ Խափանման միջոցը որոշելու ժամանակ Հրաչյա Հարությունյանին դատարան էին բերել կանացի խալաթով։