Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսու վարորդները սպառնում են ցույցերով

Հասարակություն
f8e428dec615be58d47b9d36b269b22d

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկ տասնյակից ավելի տաքսու վարորդներ իշխանություններից պահանջեցին քաղաքի կենտրոնում ստեղծել անվճար կայանատեղիներ։

Նրանք բողոքեցին նաեւ կարմիր գծանշաններով կայանատեղիներից։
Տաքսու վարորդներն ասում են, որ չեն պատրաստվում գումարներ փոխանցել ինչ-որ անհայտ կազմակերպության։

«Այսօր քաղաքում շուրջ 4000 տաքսի կա։ Իշխանությունները պարտավոր են գոնե շուրջ 1500 տաքսու համար նախատեսված անվճար կայանատեղի ստեղծել։

Դա նաեւ կնպաստի, որ քաղաքում ծանրաբեռնվածությունը թեթեւանա, եւ հետեւաբար՝ վթարները նվազեն»,- նշեց վարորդ Գագիկ Ֆրանգուլյանը։

Նա նաեւ «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ուրբաթ օրն իրենք պատրաստվում են 100 տաքսու վարորդներով միաժամանակ երթեւեկել քաղաքով՝ ի նշան բողոքի. «Եթե մեր պահանջը չիրականացվի, ապա այդ թիվը կավելանա՝ դառնալով 1000 եւ ավելի»։

Հանդիպմանը ներկա էին նաեւ Կապի եւ տրանսպորտի նախարարության աշխատակիցները, որոնք նշեցին, որ նախարարությունը միշտ կողմ է կառուցողական լուծումների։ Նրանք տեղեկացրին, որ մշտապես քննարկումներ են ունենում տաքսու վարորդների հետ ու լսում են նրանց բողոքները։ Նրանք խոստանում են քննարկել նաեւ այս պահանջը։