Հանձնաժողովում իր մնալն ավելորդ է համարել
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն դուրս է գալիս հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովից։
«Պատճառներից մեկն այն է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել են, որ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, մինչդեռ հանձնաժողովում դեռ չի քնննարկվել սակագնի բարձրացման հարցը»,- հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքերով՝ հանձնաժողովի աշխատանքներն այս պահին դառնում են ձեւական։
« Ես միշտ ասել եմ, որ պետք է քաղաքական մոտեցում խնդրին, որը մեր երկրում չկա, թերեւս այդ պատճառով էլ քաոս է։ Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ սպասարկում, գոնե պետք է ունենանք պատշաճ մեքենաներ, քանակը ապահովված լինի եւ մեքենաները շահագործվեն ոչ թե ինչքան ցանկանում են, այլ ինչքան պարտավոր են։ Միշտ լինի տրանսպորտ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։
Նա այսօր մանրամասն հաշվարկներ ներկայացրեց՝ ցույց տալով, որ նույնիսկ հարյուր դրամով սպասարկելու դեպքում շատ երթուղիներում կարելի է շահույթ ստանալ, իսկ շատերում՝ նույնիսկ գերշահույթ։
Ըստ նրա՝ սիրողական մակարդակի բիզնես անողին չարժե վստահել նման կարեւոր ոլորտ. «Կարեւոր է, որ պրոֆեսիոնալներ աշխատեն եւ ոլորտը տիրապետեն 5 մատի պես»։