Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեհանգիստ՝ Դամասկոսի զոհերի համար

Հասարակություն
079c3c8881c88b981d93e61663abd577

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 12-ին գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մեծ ցավով անդրադարձել է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը խստորեն դատապարտել է կրթական հաստատության հանդեպ իրականացված հրեշավոր այս հանցագործությունը` անընդունելի նկատելով նաև այն, որ հակամարտության ընթացքում մասնավոր թիրախի տակ են առնվում քրիստոնեական համայնքները:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի միջոցով իր վշտակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին ու հարազատներին` ընդգծելով, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել սիրիահայությանը` հոգևորականաց դասին և ողջ ժողովրդին:

Նոյեմբերի 17-ին Մայր Տաճարում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի` կկատարվի հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հանգստության համար, ինչպես նաև աղոթք կկատարվի Սիրիայում խաղաղության վերահաստատման համար:

Դամասկոսում նոյեմբերի 11-ի ժամը 13:30-ի սահմաններում չորս հրթիռ է ընկել Բաբ Շարկի թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցու կից Ս. Թարգմանչաց ճեմարանի մերձակայքում:
Դեպքը տեղի է ունեցել աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ:

Հրթիռներից երկուսն ընկել էին ճեմարանին պատկանող երկու ավտոբուսների վրա, մյուսը՝ դպրոցի դարպասի մոտ: Ավտոբուսներից մեկի մոտ ընկած հրթիռի բեկորներից զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 4 աշակերտներ, որոնցից մեկը վեցամյա Հովհաննես Աթոքանյանն է, երեքը արաբներ, իսկ մյուս զոհը ավտոբուսի վարորդն է:

Մոտ տասը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Դժբախտ պատահարը ճեմարանի սաների մեջ ահ ու սարսափ է տարածել՝ միևնույն ժամանակ ցնցելով ողջ սիրահայությանը: