Թմրամիջոցներ օգտագործողների թիվն աճել է
Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների թիվն աճել է: Պաշտոնական վերջին տվյալներով` մեր երկրում հաշվառված է 4428 թմրամոլ:
«Այն որ աճել է, դա միանշանակ է, բայց դրա հետ մեկտեղ տրամադրվող նարկոլոգիական բուժման որակն է բարելավվել, նաև իրավապահ մարմինների հետ աշխատանքը»,- ասում է թմրամիջոցների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Սուրեն Նազինյանը:
Այսօր հրապարակված Թմրամիջոցների վերաբերյալ 2012-ի ազգային զեկույցում տեղ են գտել 2010թ. վիճակագրությունը: Երկու տարի առաջվա տվյալներով` ներարկային թմրամիջոցներ օգտագործել է 12.700 մարդ:
Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը խոցելի խումբ է համարում երիտասարդներին, քանի որ բուժված թմրամոլների 50 տոկոսը կրկին վերադառնում են նախկին կյանքին: Պարոն Սեմերջյանին միակ փարատող հանգամանք այն է, որ թեեւ Հայաստանում թմրամիջոցների օգտագործումը տարեցտարի աճում է, սակայն մենք զիջում ենք հարեւան երկրների տեմպին։
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանի խոսքերով` այսօրվա պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրականությունը. «Որովհետև շատ թմրամոլներ խուսափում են ի հայտ գալ, դիմել բժշկի: Նրանք նախընտրում են բուժվել տնային պայմաններում»:
Միայն Լոռու մարզում հաշվառված է 70 թմրամոլ, որոնցից 22-ը ստանում են մետադոնային փոխարինող բուժում, ինչը, ըստ մասնագետի, ամենաարդյունավետն է:
Ոստիկանության կողմից վերջին տվյալներով` հաշվառված անձանց 89 տոկոսը գործազուրկ են: Երևանը ամենախոցելին է, մայրաքաղաքին հաջորդում են Գյումրին, Վանաձորը, Արմավիրի մարզն ու Սյունիքը: