Երթ դեպի դատապարտյալների հիվանդանոց
Կառավարության շենքի մոտից ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի նախաձեռնությունը խաղաղ երթով շարժվեց դեպի Դատապարտյալների հիվանդանոց։ Նրանց է միացել Նախախորհրդարանը։
Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հասարակական ճնշումը պետք է մեծացնել, որպեսզի նման երեւույթները կանխվեն. Նա համարում է, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը ճիշտ չէր, քանի որ նա առողջական խնդիրներ ունի եւ ոչ մի տեղ չէր փախչելու։
Կինոռեժիսոր Սարիկ Հովսեփյանը, ով ճանաչում է Վարդան Պետրոսյանին, ասաց, որ իրավապահ մարմինների կողմից կատարվող գործողությունը տգիտություն է. «Վարդան Պետրոսյանը ոչ փախչելու էր, ոչ էլ իր վրայից մեղքը գցելու էր, մանավանդ որ պարզվել է՝ նա ոչ ալկոհոլ է օգտագործել, ոչ էլ արագ է վարել մեքենան»։
Նախաձեռնության կազմակերպիչներից Մարիամ Համբարյանը հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ պետք է հարգանք տածել, քանի որ նա դերասան է, և ակցիան հիմնականում նրան աջակցելու, հանրությանը տեղեկացնելու միտում ունի, որ առողջական խնդիրներ ունեցող դերասանի հետ նման կերպ չպետք է վարվեին։
Կազմակերպվում է նաեւ ստորագրահավաք՝ արդար դատավարության պահանջով։