Շանթ Հարությունյանը հանրային պաշտպանից հրաժարվում է
«Ա1+»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությանը հրաժարվում է նաև հանրային պաշտպանի ծառայությունից: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ հրաժարվում է փաստաբանի ծառայություններից, նրա շահերը դատարանում պաշտպանելու համար որպես հանրային պաշտպան էր նշանակվել Գարիկ Մալխասյանը:
«Ա1+»-ի հետ զրույցում Գարիկ Մալխասյանը փոխանցեց, որ իր` որպես Շանթ Հարությունյանի հանրային պաշտպանի գործառույթները կորոշվի այս երկու օրվա ընթացքում. «Այս պահին որևէ էական փոփոխություն նախաքննության փուլում չկա: Նախաքննության գաղտնիության սկզբունքներից ելնելով` որոշ բաներ դեռևս հանրությանը հասանելի չեն»,- ասաց պաշտպանը:
Շանթ Հարությունյանի և ևս 19 քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով (ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով):