«Կառավարությունը պետք է հրաժարական տար»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօրվա հարց ու պատասխանի ընթացքում իր հետ բերել էր «Այ Փի Էս Սի» ընկերության կողմից 2013թ.-ի հունիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ողջ տարածքով իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունները` «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկներ»-ի վերաբերյալ, որտեղ, ըստ պարոն Մինասյանի, կառավարության գործունեության բացասական գնահատականները 90 տոկոս է կազմում:
Պարոն Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ ռազմավարություն է մշակում կառավարությունը այս հետազոտություններին ծանոթանալուց հետո: Ի պատասխան` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Այս հաշվետվությունը իր մեջ պարունակում է որակական գնահատականներ, որպեսզի մեզ համար պարզ լինի հիմնախնդիրները, դրական և բացասական ռեֆորմները:
Այս փաստաթուղթը մեզ համար հանդիսանում է կարևորագույն գործիք: Սա մեր փաստաթուղթն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել միջոցառումներ, ծրագրեր և շտկել այն բացասական գնահատականները, որոնք նկատվում են մեր քաղաքացիների կողմից»:
Չբավարարվելով հարցի պատասխանից՝ Արծվիկ Մինասյան հայտարարեց. «Այս փաստաթղթի հրապարակելուց հետո կառավարությունը պետք է պարզապես հրաժարական տար»: Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին հակադարձեց, որ պարոն Մինասյան աղավաղում է իրականությունը: