Բողոքի ակցիան ավելի մեծ թափով կշարունակվի
Այս պահին ԱԺ-ի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից, բողոքի ակցիա են իրականացնում «Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» նախաձեռնության անդամները՝ հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներ. նրանց են միացել նաեւ հաշվապահներ, տարբեր մասնագիտության տեր քաղաքացիներ, որոնք դեմ են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում արված փոփոխություններին, ինչը գործածության մեջ է մտնելու հունվարի 1-ից։
Հիշեցնենք, «Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» նախաձեռնության անդամները դիմել էին ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ խմբակցությունների պատգմավորներին՝ արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով։ Այսօր նշանակված էր արտահերթ նիստ, որ պիտի քննարկեր այս հարցերը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են՝ վերացնել օրենքում «պարտադիր» բաղադրիչը, բացի այդ, ըստ նրանց, օրենքում առկա են նաեւ մի շարք թերություններ, բացեր եւ նրանք պահանջում են ուսումնասիրել, հանրային լսումներ անցկացնել շահագրգիռ անձանց մասնակցությամբ։
«Ա1+»-ի այն հարցին՝ ինչ են անելու, եթե ՀՀԿ-ն տապալի նիստը, ակցիայի մասնակիցները նշեցին, որ քաղաքակիրթ այլ ձեւեր կան իրենց պահանջները ներկայացնելու համար։
Ակցիայի մասնակիցները փորձեցին իրենց պահանջները՝ գրության տեսքով, փոխանցել ԱԺ մտնող պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, եւ նախարար Վաչե Գաբրիելյանին, սակայն նրանք հրաժարվեցին վերցնել թուղթը՝ արձագանքելով. «Ի՞նչ եմ անում»։
Հենց նոր հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն քվորում չի ապահովել ու տապալել է արտահերթ նիստը։
Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ԱԺ կենտրոնական մուտք։ Նրանք պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները ավելի մեծ թափով ու դիմել նաեւ Սահմանադրական դատարան, քանի որ օրենքում, ըստ նրանց, հակասահմանադրական կետեր էլ կան։ Նրանց է միացել նաեւ մարդու իրավունքների պաշտպանը։