Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործատուն չի վստահում նախկին ազատազրկվածին

Հասարակություն
7015adcbaec14272268024e9a97532a7

2007-2013 թվականներին զբաղվածության պետական ծառայությունը տարբեր քրեակատարողական հիմնարկներից ստացել է շուրջ 2530 ծանուցում նախկին ազատազրկվածների մասին, սակայն ԶՊԾ-ին հաջողվել է գտնել ու խորհրդակցություն տրամադրել միայն 658-ին:Այսօր նրանցից աշխատանք ունեն ընդամենը 25-ը:

Այսօր նախկին ազատազրկվածների աշխատանքային զբաղվածության խնդիրների վերաբերյալ սեմինար-քննարկմանը նման վիճակագրություն ներկայացրեց ԶՊԾ -ի աշխատանքային խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:

Տիկին Բեժանյանը առանձնացրեց մի շարք հանգամանքներ, որոնց բախվել է իրենց գործակալությունը. «Նախկին ազատազրկվածների մեծ մասը չունի անձ հաստատող փաստաթուղթ, շատ դժվար է լինում գտնել ու կապ հաստատել քանի որ ազատվելուց հետո նրանք հասցեները հիմնականում փոխում են:

Գործատունները չեն վստահում ու հրաժարվում են աշխատանքի վերցնել, բացի դրանից նախկին ազատազրկվածների մոտ կա թերարժեքության զգացում ու շատ հաճախ հենց իրենք են հրաժարվում աշխատանքի անցնել»,- մեկնաբանեց նա:

«Սոցիալական արդարադատություն» հկ-ի նախագահ Արշակ Գասպարյանը նկատում է, որ խնդրի լուծումը պետք է սկսել քրեակատարողական հիմնարկներից. «Պետք է ազատագրվածներին նախապատրաստել, տալ երաշխիքներ, որ պատիժը կրելուց հետո նրանք կվերադառնան հասարակություն ու կգտնեն համապատասխան գործատու»: Ըստ նրա՝ այսօր ամենամեծ խնդիրը մեր մեջ է, մեր խտրական վերաբերմունքի ու չվստահելու հանգամանքի մեջ. «Մարդկանց շուրթերին դեռ նստած է բանտարկյալ բառը: Ոչ ոք իրականում ապահովագրված չէ ազատությունից զրկվելուց: Հասարակությունը պետք է սովորի վստահել, ու անձին գնահատել: Մեր գործատուները այսօր ամենաշատը վստահության պակաս ունեն: Մենք, մերժելով նախկին ազատազրկվածներին, դարձնում ենք նրանց «անկյալներ» ,-վստահեցնում է նա: