1 մլրդ դոլար` բարեկարգ դպրոցների համար
Այսօր Աղվերանում մեկնարկած ՀՀ ԿԳՆ կազմակերպած սեմինարի ժամանակ, խոսելով հանրակրթության ոլորտի խնդիրների մասին, նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այսօր պետական բյուջեից 23000-24 000 մանկավարժ է ֆինանսավորվում ու հավելեց, որ 2012-2013 թթ. պետբյուջեով որեւէ հաստիքի կրճատում չի եղել, չնայած նրան, որ մանկավարժական կադրերի գերարտադրություն ունենք. «Մենք փորձում ենք մեղմել սոցիալական խնդիրները, սակայն երբ կանգնում ենք ընտրության առաջ` կրթության որակ, թե ավելի շատ մանկավարժներ, բնականաբար, ընտրում ենք կրթության որակը»,-ասաց նախարարը:
Դպրոցների շենքային պայմանների խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար. Ասում է նախարարը։
Հայաստանի 300-400 դպրոց հիմնանորոգման կարիք ունի, դպրոցների շենքային պայմանների հարցն այսօր ոլորտի գլխավոր խնդիրներից մեկն է. «Այս խնդիրը միայն պետբյուջեի աջակցությամբ հնարավոր չէ լուծել, սակայն, բարեբախտաբար, դպրոցաշինության ծրագրում մենք մի շարք աջակիցներ ունենք: Օրինակ, հաջորդ տարի Չինաստանի աջակցությամբ Հայաստանում նոր դպրոց կբացվի»,-ասաց նախարարը: