Փոխնախարարը հրաժարական կտա
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն այսօր գաղտնի քվեարկությամբ ակադեմիայի ռեկտոր ընտրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին:
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ կետի համաձայն Ռեկտորնընտրվում է Խորհրդի կողմից բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ:
Եթե Խորհուրդը ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում ռեկտոր, ապա ռեկտորին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը ` հայտ ներկայացրած թեկնածուների թվից:
Ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է 2013թ հոկտեմբերի 10-ին ՝ www.azdarar.am կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Մինչև թափուր պաշտոնի համար հայտերի ընդունման ժամկետի ավարտը /նոյեմբերի 11-ը/ հայտ են ներկայացրել Արտյոմ Գեղամյանը և Ռուբեն Մելիքյանը:
Այսօր կառավարման խորհուրդը ռեկտորի թեկնածուների հայտերն ու ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին ուսումնասիրելուց հետո գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 6 կողմ 0 դեմ համամասնությամբ արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց Ռուբեն Մելիքյանին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը հրաժարական կտա:
ՀՀ արդարադատության նախարարություն