Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր օրենքով աշխատողը մեկ ամիս սոված է մնալու»

Հասարակություն
225a145ac24a101df9801923ea1f70e0

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներն առաջարկում են հանրաքվե անցկացնել։

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը մեր երկրում չի արդարանալու։ Համոզված է «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի>> նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ եթե օրենքը ՀՀ-ում գործի, ահռելի մեծ վնասներ կհասցնի. մարդկանց փաստացի աշխատավարձը կրճատվելու է։

«Մենք շատ օրինակներ ունենք, օրինակ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մարդկանց գումարները սառեցվեցին ու կորան բանկերում: Իսկ եթե մեզ մոտ էլ համակարգի փոփոխություն կամ ճգնաժամ լինի՞...»,-ասում է Հայկ Ավետիսյանը։

Ավետիսյանը նշեց, որ ուսումնասիրել է այս օրենքի կիրառումն այլ երկրներում և փաստում է` բոլոր այն երկրներում, որտեղ կիրառվել է, նախ կիրառվել է կամավոր սկզբունքով և այն մարդկանց համար, ովքեր նոր են աշխատաշուկա մտնում։

Նա նաև տեղեկացրեց, որ իրենք մինչև վերջ տրամադրված են պայքարելու։ Օրենքի դեմ կլինեն գործադուլներ, հանրահավաքներ։ «Հնարավոր չէ այս տեսքով օրենքը մնա, այն միայն վատ կանդրադառնա մեզ վրա», - ասաց Ավետիսյանը։

Նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանի կարծիքով՝ օրենքից պետք է հանվի պարտադիր բաղադրիչը։ Նրա համոզմամբ՝ ժողովրդի 99 տոկոսը դեմ է նոր օրենքին։
«Եթե աշխատավարձից 6-ից 13 տոկոսը պահվի, նշանակում է, որ աշխատողը մեկ ամիս սոված է մնալու», -ասաց նա։

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներն ասում են, որ պետք է հանրաքվե անցկացնել, որպեսզի հանրությունն ինքնակամ որոշի՝ ուզո՞ւմ է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգից օգտվել, թե՞ ոչ։