Ազատամարտիկը հետ է վերադարձնում մեդալները
2004թ-ին ստեղծված «Ազգի փրկություն» կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության նախագահ Սարգիս Կարապետյանը։
«9 տարի առաջ մենք, հավաքվելով մարտական ընկերներով, մտավորականներով, կամավորներով, շուրջ 3000 անդամով ստեղծեցինք մեր կուսակցությունը, բռունցք, որ հայ ժողովրդին այս վիճակից հանենք։ 2004-ին առաջին համագումարի ժամանակ որոշեցինք Հայաստանը դարձնել հարուստ և հզոր պետություն, Հայաստանը դարձնել հայ մարդու համար բարենպաստ երկիր»,-նշեց Սարգիս Կարապետյանը։
Թալինի տարածաշրջանի հրամանատարը անկեղծանում է՝ իրենք չկարողացան իրագործել իրենց ծրագրերը, այդ իսկ պատճառով «Ազգի Փրկություն» կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը. «Ընդունում ենք, որ մեղավոր ենք, եթե չենք կարողանում ազգին օգնել, ինչի՞ է պետք այս կուսակցությունը։ Մենք ոչ ծախու ենք, ոչ քծնող, մենք ուզում ենք հայ ժողովրդին փրկել»,-ասաց ազատամարտիկը հավելելով՝ հայ ժողովրդի համար այս իշխանությունը վտանգավոր է։
Սարգիս Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք հեղափոխության միջոցով են հայ ժողովրդին փրկելու այս վիճակից։
«Մենք երևի հաջորդ տարի հեղափոխություն կանենք։ Ազատության հրապարակում չի լինի մեր հեղափոխությունը։ Մենք հանդիպումներ կունենանք Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում և գյուղերում։ Մենք չենք գալու գողի նման, մենք գալու ենք Դավթի նման։ Մենք ասելու ենք՝ հայ ժողովուրդ մենք գալիս ենք քեզ փրկելու բռնապետությունից։ Էս ազգին փրկելը 5 րոպեում կարելի է անել՝ դարձնել դրախտավայր»։
Սարգիս Կարապետյանն ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել անգամ սատանայի հետ, բայց այս իշխանությունների հետ՝ երբեք. «Այս իշխանությունները սատանայից էլ վատն են, Հուդա են»։
Ազատամարտիկն այսօր հայտարարեց նաև, որ հետ է վերադարձնում այն բոլոր մեդալները, որոնք ստացել է Արցախյան հերոսամարտին մասնակցելու համար։