Տասը տարի է՝ զրկված են բնակարանից
Տասը տարի իրենց բնակարաններից զրկված երևանցիներն այսօր մեկ երազանք ունեն՝ ապրել մարդավայել կյանքով իրենց նոր բնակարաններում։ Իսկ դրա համար պետությունը պետք է համապատասխան փոխհատուցում տա։
Տերյան 18 տան նախկին բնակչուհի Ժենյա Պողոսյանը նորից ցավով է հիշում, թե ինչպես է զրկվել իր բնակարանից.«Մեր տները ճանաչվեցին պետական գերակա շահ, խլեցին մեր ձեռքերից՝ կոպեկներ տալով դրանց դիմաց։ Տասը տարի է՝ պայքարում ենք, որ գոնե համապատասխան փոխհատուցում ստանանք, որ կարողանանք նորմալ բնակարաններում ապրենք։ Ինչու պետք է ամբողջ կյանքներս կենտրոնում ապրած՝ վեր կենանք ու գնանք ծայրամասում ապրենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ժենյա Պողոսյանը։
Նրա խոսքերով, այսօր ոչ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ կառավարության ներկայացուցիչները չեն ցանկանում լսել իրենց. «Ոչ մի ղեկավար չի ցանկանում մեզ լսել, որովհետև մեր տները այնքան եկամտաբեր են եղել, որ կերել են ու հիմա դժվար է իրենց հետ տալը։ Մենք պահանջում ենք մեր տների ճիշտ գնահատում։ Երվանդ Զախարյանը ելույթ ունենալով ասաց, որ մենք 1քմ դիմաց վճարելու ենք հազար դոլար, բայց մեզ քմ-ի համար տվեցին 300-400 դոլար։ Հիմա մենք ասում ենք՝ տարբերությունը հաշվեք ու տվեք։ Նաև պահանջում ենք կենտրոնում տուն ունենալ»,-նշեց Ժենյա Պողոսյանը։