Վարդան Պետրոսյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի
Դերասան Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այսօր առավոտյան տեղափոխվել է «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոն։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, դերասանը սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ այժմ հետազոտություն է անցնում կենտրոնում։
Պաշտպանի խոսքերով՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որեւէ որոշում մինչ այս պահը չի ստացվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երեւան ճանապարհին BMW եւ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենաները բախվել էին իրար։ Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանցից երկուսը մահացել են։
Դերասանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի մարդու մահ։
Եթե մեղադրանքը հաստատվի, Վարդան Պետրոսյանին սպառնում է 4-ից մինչեւ 10 տարի ազատազրկում։