Նախարար Վաչե Գաբրիելյանը նախանձում է իր կնոջը
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նախանձում է իր տիկնոջը, որը մասնակցելու է Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին:
Այսօր Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը` ավելացնելով, որ, ցավոք, ինքը չի ծնվել 1974թ.-ից այս կողմ, մինչդեռ իր տիկինն արդեն ունի երաշխավորված կայուն ապագա: Նա պատրաստվում է մասնակցել Կենսաթոշակային կամավոր համակարգին, սակայն ագրեսիվ պորտֆելներում, որպեսզի հետագայում իր թոշակը լինի առավել բարձր:
Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից համակարգը սկսելու է գործել եւ մարդիկ իրենց աշխատավարձից պարտավոր են ըստ օրենքի, կատարել 5-10 տոկոս վճարումներ` 63 տարեկանից հետո ստանալու համար թոշակ: Այս հանգամանքը բազմաթիվ տարաձայնությունների տեղիք է տվել, անգամ կազմավորվել են նախաձեռնող խմբեր, որոնք բողոքի ակցիաներ են իրականացրել համակարգի ներդրման դեմ:
Հիմնական խնդիրները, որոնք նախաձեռնող խմբերը վկայակոչում են, դրանք ՀՀ Սահմանադրության հետ հակասություններն են։ Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարեց, որ այլեւս անիմաստ ու անտրամաբանական է համարում այս հարցի շուրջ կրկին մտնել դեբատների մեջ. «Քանի որ 10 տարի շարունակ մենք քննարկել ենք այս հարցը ամենաբարձր մակարդակներում: Կրկին դրան անդրադառնալը մարդկանց մոտ ապատեղեկություն է ստեղծելու»:
Ինչ վերաբերում է հաջորդ խնդրահարույց հարցին` ֆոնդերի կառավարիչներին, որոնք իրենց հայեցողությամբ են տնօրինելու մարդկանց 5-10 տոկոս վճարումները, ապա Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ այս պահին իրենց մոտ լիցենզիա ստանալու համար դիմել են երկու միջազգային հեղինակություն ունեցող ընկերություն։
Նրանցից մեկը ֆրանսիական «Ամունդի» ակտիվների կառավարիչ ընկերությունն է, որը 1,5 տրիլիոն դոլար ակտիվներով ընկերություն է, մեր ՀՆԱ-ից 150 անգամ ավելի մեծ ակտիվներ ունեցող ընկերություն է: Մյուս կառավարիչը գերմանական «Թալանքս» կյանքի ապահովագրության ընկերություն է՝ 800 մլրդ դոլար ակտիվներով։
Ներսես Երցյանը տեղեկացրեց, որ մինչ այդ հանդիպումներ են ունեցել ավելի քան 30 կազմակերպության հետ։
Ի դեպ, 2014թ. փետրվարի վերջին քաղաքացիները պետք է արդեն կատարեն կառավարչի իրենց ընտրությունը, հակառակ դեպքում՝ պետությունը նրանց փոխարեն կամայական ընտրություն կկատարի։
Արդյոք ընդամենը 2 կառավարիչը բավարար կլինի՞ եւ արդյոք ուշացա՞ծ չէ կառավարիչների լիզենզավորումը այն դեպքում, երբ ամեն անգամ հայտարարվում է, թե այս նոր համակարգի մասին քննարկումները սկսվել են դեռ 10 տարի առաջ ու մեղավորը քաղաքացին է, որ տեղեկացված չէ։ Պարոն Երիցյանի պատասխանը լավատեսական էր. «Տարբեր երկրների փորձը, ինչպես նաեւ՝ գիտությունը, ցույց են տվել, որ որքան շատ ես ընտրության հնարավորություն ունենում, այնքան մարդկանց ապակողմնորոշումը մեծանում է, այդ պատճառով 2 կառավարիչը բավարար է»։
Ինչ վերաբերում է ֆոնդերի կառավարմանը, ապա յուրաքանչյուր ֆոնդի գումարի 40 տոկոսը կշրջանառվի արտասահմանյան բաժնետոմսերում, 60 տոկոսը՝ երկրի ներսում։ «Փոխարժեքների տատանումների համար դա ապահովագրություն է համարվում, ինչպես նաեւ՝ բաժնետոմսերի շուկան մեզ մոտ դեռ զարգացած չէ՝ ի տարբերություն արտերկրի, որտեղ մեծ եկամտաբերություն կարող է բերի»,- վստահեցրեց Ներսես Երիցյանը։