Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլավորին տեղափոխել են հոգեբուժարան

Հասարակություն
e64cc6345a939c9f89947573aa80d48b

Շուրջ 3 ամիս «Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող Ստեփանավանի բնակիչ Դավիթ Վերմիշյանին նախօրեին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժական հաստատություն։ Նա 18 օր է՝ հացադուլի մեջ է։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Դավիթ Վերմիշյանի պաշտպան Սասուն Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Վերմիշյանի համար որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նա մեղադրվում է հեռուստացույց գողանալու մեջ։

«Նախաքննության ամբողջականությունը ապահովելու նպատակով են տարել հոգեբուժարան։ Դավիթը փորձաքննություն կանցնի, կհետազոտվի, որից հետո պարզ կդառնա՝ ինքը մեղսունակ է, թե անմեղսունակ»,-ասաց փաստաբանը։

Սասուն Մխիթարյանի խոսքերով, Դավիթ Վերմիշյանը միշտ էլ հոգեկան խնդիրներ ունեցել է. «Ինքը զինծառայությունից ազատված է հոգեկան խնդիրների պատճառով։ Երբ որ նախաքննական մարմնին հայտնի է դառնում, որ գործով անցնողը հոգեկան խնդիրներ ունի, նա պետք է անցնի բժշկական փորձաքննության՝ նախաքննության ամբողջականությունն ապահովելու համար»։