Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շքանշանների հանձնման արարողություն` Մոսկվայում

Հասարակություն
b4b18b63d17a26dee4a64a5591a0dedf

Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, ուր նոյեմբերի 17-ին Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նորակառույց տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ և օրհնության գրեր հանձնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 122 բարերարների՝ ի գնահատություն նրանց ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության: Ս. Խորանից Հայրապետական Սրբատառ կոնդակներն ընթերցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պարգևների հանձնումից հետո ներկաներին Հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Այնուհետև, այս ուրախալի առիթով եկեղեցական համալիրի սեղանատանը տեղի ունեցավ ցերեկույթ, որի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մոսկվայի Հայորդյաց տան «Ովսաննա» երգչախումբը՝ խմբավարությամբ Լենա Բեգլարյանի, «Ակունք» ժողովրդական գործիքների և «Կոչնակ» դհոլահարների խմբերը, ինչպես նաև «Հայասա» պարային համույթը և մանուկների պարային նորաստեղծ խումբը:

Երախտագիտության խոսքով հանդես եկան նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Արթուր Չիլինգարովը:

Հանդիսության ավարտին ներկաներին վերստին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին