Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխադրողները պատրաստ են վաճառել երթուղիները

Հասարակություն

Հայաստանի փոխադրողների միության նախագահը պատրաստ է 4, 17 և 30 համարի երթուղիներից որևէ մեկը տրամադրել «Ժառանգություն» խմբակցության փորձագետ, տնտեսագետ Արման Մուշեղյանին: Նրան հատկապես ոգևորել է Արմանի Ֆեյսբուքյան գրառումը, որ եթե կա 100 դրամով երթուղի սպասարկել հրաժարվող գծատեր, ապա ինքը պատրաստ դա իրականացնել և գնել գծատիրոջ ողջ գույքը:

Արման Մուշեղյանի համար անակնկալ չէր փոխադրողների նման արձագանքը, սակայն նա չի շտապում ընդունել առաջարկը, պետք է հաշվարկներ անել:

30 և 67 երթուղիները սպասարկող «Արշակյան եղբայներ» ՍՊԸ տնօրեն Աշոտ Արշակյանը միայն ուրախ է, որ հայտնվել են մարդիկ, ովքեր պատրաստ են գնել, իր խոսքերով, ակնհայտ վնասաբեր այս բիզնեսը: Նա պատրաստ է նաեւ իր երթուղայինները տրամադրել՝ զգուշացնելով. «Եթե ապառիկ Է ձեռք բերելու, ի վերջո, նա էլ ա մի տարի հետո նույն պրոբլեմի առաջ կկանգնի: Եթե կկարողանա շահագործել 100 դրամով, իրան կարելի է ողջունել: Մենք հաշվարկել ենք մեր երթուղիներում մեկ ուղևորի սակագինը «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով կազմում է մոտավորապես 267 դրամ, իսկ միկրոավտոբուսի մեկ ուղևորի փոխադրման արժեքը` 210 դրամ»:

Իսկ Փոխադրողների միության նախագահն էլ զգուշացնում է, եղանակը ցրտելուց հետո իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս` համապատասխան անվադողներ չկան. «Վաղը եթե ձյունը դրեց մենք կդառնանք մարդասպան, չեն անելու այդպիսի բան, կանգնելու է, ամբողջ շարժակազմը, կանգնելու է»:

Մինչդեռ տնտեսագետ Արման Մուշեղյանը միանգամայն հավանական է համարում 100 դրամով սպասարկում իրականացնելը. «Ես ուզում եմ ցույց տալ, որ իրականում հնարավոր է 100 դրամով աշխատել, նաև ավելացնեմ, եթե ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես ես եմ պատկերացնում, ապագայում մտադիր եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցնել տրանսպորտը»:

Մինչ փոխադրողներն ու տնտեսագետները վիճում են, քաղաքացիական նախաձեռնության անդամները հիշեցնում են` թույլ չեն տալու բարձրացնել տրանսպորտի սակագինը