Ինչո՞ւ հատուկ ծառայությունները Սեդրակյանի ձեռքը չեն բռնել
Վերաքննիչ քրեական դատարանում վաղը լսվելու է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի եւ նրա պաշտպանի վերաքննիչ բողոքը:
Վարդան Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու մեջ ու Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել 14 տարվա ազատազրկման:
Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն այսօր մեկ անգամ եւս հորդորեց իրենց չդատել ենթադրություններով, ինչն արվել է մինչ օրս:
Նրա խոսքերով` Վարդան Սեդրակյանին դատելու միակ ապացույցը նրա գրասենյակում հայտնաբերած «Հայկական ժամանակ» օրաթերթն է եւ Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի ցուցմունքները:
Պարոն Սիրունյանը ներպետական ատյանների հետ հույսեր չի կապում եւ ցանկանում է, որ այդ փուլերն արագ ավարտեն:
Պարոն Սիրունյանը հարց է տալիս՝ եթե Վարդան Սեդրակյանը իսկապես պատվիրել է մահափորձը, ինչու կատարողներին չի հեռացրել հանրապետությունից. «Կրակող Խաչիկին էլ հանձնարարել է տանել եւ նագանը պահել տանը, որ ավելի հեշտ բացահայտվի»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ մահափորձից հետո Վարդան Սեդրակյանի անձնական հաշվեհամարին հարյուր հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել եւ հատուկ ծառայությունները նշել են, որ ունեն ձայնագրություններ մահափորձի պատվիրման հետ կապված, ապա պաշտպանը զարմանում է. «Եթե Վարդան Սեդրակյանը պատվիրել է, ապա ինչու հատուկ ծառայությունները ձեռքը չեն բռնել, կարող է գնդակը կպներ Հայրիկյանին»:
Անդրադառնալով Վարդան Սեդրակյանի առողջական վիճակին` պարոն Սիրունյանը նշեց, որ այսօր էլ խնդիրները կան, նա մեկուսարանում բուժում է ստանում, ինչպես նաեւ դրսից պարբերաբար դիետիկ սնունդ է փոխանցվում: