Լիլիթ Բլեյան. Ծովի խռովքն ու ցանկալի համբերությունը (տեսանյութ)
Միջերկրական ծովի ալեկոծությունը դարձել է երգի ստեղծման առիթ։
Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանի երգերից մեկը ստեղծվել է ճոճվող նավում գտնվողի զգացողությունից։ «Երգը գրվեց, որ չվախենամ ալիքներից»,- իր երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսի մասնակիցներին պատմում է Լիլիթը։
Առաջին ձայնասկավառակի թողարկումից ուղիղ երկու տարի անց Լիլիթ Բլեյանը հանրությանը ներկայացնում է իր 12 նոր երգերը։ Նոր ձայնասկավառակը կոչվում է՝ «Paciencia»՝ «Համբերություն»։ Համարելով իրեն անհամբեր՝ Լիլիթն ասում է, որ երգերի ձայնագրումը դարձրեց իրեն համբերատար։
Ընտրելով ինքնարտահայտման նոր ձեւ՝ նախկին լրագրողը բացահայտել է ոլորտում առկա դժվարությունները, որոնք, երբեմն, անիմաստ խլում են ստեղծագործողի ժամանակը։
«Կուզենայի,որ ամեն ինչ արվեր պրոֆեսիոնալ հիմքի վրա։ Լինեին պրոֆեսիոնալ ընկերություններ,որոնք կզբաղվեին երաժիշտներ գտնելով, աճեցնելով։ Որ երաժիշտը չաներ այդ աշխատանքը»,- ասում է նա։
«Համբերություն» ձայնասկավառակում բացառությամբ մեկ հայերեն երգի, մնացյալը իսպաներեն եւ անգլերեն են։ Լիլիթը չի թաքցնում, որ ցանկանում է, որ իր երգերը հասանելի դառնան նաեւ օտարալեզու երաժշտասերներին։
Իսկ երկու տարի առաջվա համեմատ, երբ թողարկվեց «Ուրիշ քաղաքում ձայնասկավառակը», Լիլիթ Բլեյանը արդեն գիտի՝ կա փոքրիկ մի լսարան,որը սպասում է իր երգերին։
Նոր երգերը տարբերում են երկու տարի առաջ հանրությանը ներկայացվածից։ Լիլիթի խոսքերով՝ դրանք գրվել են բոլորովին այլ հոգեվիճակում։ Լիլիթ Բլեյանին երգերը դեռ եկամուտ չեն բերում։ Առայժմ ձայնասկավառակները թողարկվում են ընտանեկան բյուջեի հաշվին։