Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷԿ-ի կառուցմանը միայն գյուղապետի տղան է կողմ եղել

Հասարակություն
e77a7dc0362a583feeff25471298f450

Երեսուն տարի հետո մենք լուրջ բնապահպանական խնդրի առջեւ ենք կանգնելու: Անդրադառնալով Լոռու մարզի Մարց գետի վրա կառուցվող ՀԷԿ-ին` լրագրողների հետ հանդիպմանը նշեց բնապահպան Լեւոն Գալստյանը:

Նրա խոսքերով` բնակիչները միշտ դեմ են եղել կառուցվող ՀԷԿ-ին, սակայն փաստաթղթում գյուղացիները ամեն ինչ դրական են գնահատել։ Ենթադրենք՝ հինգ աշխատատեղ ստեղծվեց, բայց գետը դառնում է խողովակաշար»,- նշեց Լեւոն Գալստյանը:

Քաղաքացիական ակտիվիստ, 100 աստիճան նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանը նշեց, որ իրականում հանրային լսում տեղի չի ունեցել, միայն տասնհինգ մարդ է մասնակցել լսումներին եւ ՀԷԿ-ի կառուցմանը ավագանու անդամներից միայն գյուղապետի տղան է կողմ եղել: Նրա խոսքերով`ՀԷԿ-ի կառուցման համար նույնիսկ խողովակներ են բերվել, սակայն ի նշան բողոքի` գյուղացիները դրանք նետել են գետը:

Ասուլիսին սակայն փոքրիկ միջադեպ գրանցվեց: Իր խոսքն ուներ ասելու նաեւ «Մարց Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Լիպարիտ Սիմոնյանը: Նա իմացել էր ասուլիսի մասին եւ եկել։ Ընդհատելով ասուլիսը՝ վերջինս սկսեց ընթերցել իր հայտարարությունը. «Ընկերությունը ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների պահպանմամբ Մարց գետի վրա իրականացնում է «Մարցիգետ ՓՀԷԿ -1» կառուցման ներդրումային ծրագիրը եւ դրա համար ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները եւ իրավունքները»:

Նրա խոսքերով` ընկերությունը նպատակ ունի աջակցել Մարց գյուղի բնակչությանը: Ընկերությունը յուրաքանչյուր տարի գյուղում առկա սոցիալական ծրագրերի լուծմանը կհատկացնի շուրջ 1.5 մլն դրամ:

Ինչպես նաեւ կիրականացնի ներդրումներ` գյուղի արտաքին լուսավորության ցանցը վերականգնելու նպատակով: Ներդրումային ծրագրի ավարտին ընկերությունը կունենա շուրջ 15 աշխատատեղ:

«Մենք փող ենք ծախսում, աշխատատեղ ստեղծում, ամոթ, ամոթ»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը: Իսկ ակտիվիստները կարծում են, որ սա ուղղակի մարդկանց շփոթության մեջ գցելու միջոց է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Մարց գյուղի բնակիչները եւ ակտիվիստները փակել էին ճանապարհը` բողոքելով ապօրինի ՀԷԿ-ի կառուցման դեմ: