Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլական անդրադարձ ԼՂ հարցին

Պաշտոնական
7c9131ff4d0005976bb4626d00eb99f0

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ: ԱԺ նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահվում միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցը Բրազիլիա կնպաստի փոխգործակցության խորացմանը:

Պարոն Աբրահամյանը անդրադարձավ Ազգային կոնգրեսի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին եւ նշեց, որ այն, ցավոք, արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանական խեղաթյուրված պատկերացումները և հակասում հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը:

Այս առիթով նա շնորհակալություն հայտնեց պարոն Ալվեսին իր նամակին արձագանքելու, ադրբեջանական հերթական սադրանքին տուրք չտալու եւ բանաձևի նախագիծը օրակարգ չմտցնելու համար: Էնրիկե Ալվեսը խորը ափսոսանք հայտնեց, որ նման բանաձեւի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ եւ շեշտեց, որ Բրազիլիայի իշխանությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որդեգրել են չեզոք դիրքորոշում եւ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբին: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Էնրիկե Ալվեսին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսը ստորագրեցին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արձանագրություն, ըստ որի իրենց խորհրդարանական իրավասությունների շրջանակներում կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը սոցիալական, քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և այլ ոլորտներում:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն