Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Տաթեւից

Հասարակություն
7da78c4bb32c7cbd66fa63e215e380d7

Առաջին անգամ աշխարհում ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղով ճամփորդելիս Միրզոյան քառյակը կկատարի անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի Simple Symphony-ն:

Նոյեմբերի 22-ին` Բենջամին Բրիտտենի ծննդյան 100-րդ տարեդարձի օրը, ողջ աշխարհում անցկացվելու են կոմպոզիտորին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Հայաստանում Բրիտանական խորհուրդը միանում է տոնակատարություններին և կազմակերպում Միրզոյան ելույթը «ՏաԹևեր»-ում:

Միրզոյանը քառյակը հիմնադրվել է 1993 թվականին և այս տարիների ընթացքում մասնակցել բազմաթիվ համերգների և փառատոների` դառնալով դափնեկիր:

Բենջամին Բրիտտենը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 22-ին: Կյանքի 63 տարիների ընթացքում Բրիտտենը գրել է բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ, իր գործընկեր Փիթր Փիրսի հետ հյուրախաղերով շրջագայել ամբողջ աշխարհով` ճանաչվելով 20-րդ դարի լավագույն դասական կոմպոզիտորներից մեկը:

1965 թվականին Բենջամին Բրիտտենը և օպերային երգիչ Փիթեր Փիրսը ժամանում են Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Նրանց հետ Հայաստանում հանգստանում են նաև դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչն իր տիկնոջ`օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայայի հետ: Բրիտտենի այցը Հայաստան կազմակերպվել էր Էդվարդ Միրզոյանի ջանքերով, ում շնորհիվ նաև այդ օրերին անցկացվեց «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը:

Հայաստան կատարած իր այցելության ընթացքում Բենջամին Բրիտտենը Էդվարդ Միրզոյանի հետ այցելել է նաև Սյունիք, հիացել տեղի բնությամբ և մարդկանց հյուրասիրությամբ:

Այդ օրերին կոմպոզիտորը հույս է հայտնել, որ կրկին կվերադառնա Հայաստան: Վաղը` նոյեմբերի 22-ին կոմպոզիտորի ստեղծագործությունները կրկին կհնչեն Սյունիքում` նշանավորելով նրա ծննդյան 100-ամյա հոբելյանը:

Միրզոյանի քառյակի կատարումը ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի հետևել A1plus-ի կայքում նոյեմբերի 22-ին ժամը 16.00-ին: