Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հաշվի՞ է առել ընդդիմության կարծիքը

Պաշտոնական
8d61191acaa0fd97bc31d9c4c3d865ab

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանում մասնակցել է Բիզնես ինովացիոն ֆորումի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ֆորումը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր ՏՏ ոլորտը ՀՀ-ում ստեղծում է ՀՆԱ-ի հինգ տոկոսը. ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, այն ունի 7000 մասնագետներ, ովքեր ունեն բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ: Վարչապետի դիտարկմամբ՝ ապագայում էլ այս աշխատատեղերի շարժիչ ուժը լինելու է մասնագիտական կարողությունների ավելացումը: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ այսպիսի նոր աշխատատեղերն են, որ ապահովելու են երկրի առաջընթացը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբում ՏՏ բնագավառում ՀՀ-ն արձանագրել է 28 տոկոսի աճ:

Վարչապետի խոսքով՝ այսօր ՀՀ-ն հաջողություններ է արձանագրել նաև ՏՏ ոլորտի միջազգային մասնագիտացման ուղղությամբ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ կա մի սանդղակ, որտեղ ՀՀ-ն դրսևորել է իր առավելությունը. ըստ «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերության՝ չիպերի արտադրության ոլորտում մեր երկիրն ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը: «Դա գերազանց արդյունք է, ինչը նշանակում է, որ այդ ոլորտում մենք ունենք հարաբերական առավելություն, ինչը պետք է ուժեղացնենք և շեշտադրումներ կատարենք այդ ոլորտի վրա»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կենսաթոշակային կուտակային նոր համակարգի ներդրման վերաբերյալ հարցին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այն մշակվել է շուրջ տասը տարի, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ: «Մենք հաշվի ենք առել մեր ընդդիմախոսների կարծիքները, որի արդյունքում էլ մշակվել է հայեցակարգը: Մենք ցանկանում ենք առաջ գնալ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ ևս կային դժգոհություններ, սակայն համակարգի ներդրումից ընդամենը երկու եռամսյակ անց հասարակությունն զգաց դրա ներդրման արդյունավետությունը:

ՀՀ կառավարություն