Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կներմուծվեն պայթուցիկ նյութեր

Հասարակություն
101e3660525ab6151a8cc3aa45b013d5

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։
2014թ. հունվարի 1-ից սկսում է գործել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որի հաշվարկման հիմքում դրված են «բազային եկամուտ» և «պայմանագրային եկամուտ» հասկացությունները: Հաշվի առնելով պարտադիր կուտակային վճարների հաշվարկման առանձնահատկությունները, անհրաժեշտ է հստակեցնել դրա բազայի որոշ մեխանիզմներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում` սահմանելով իրավական այն հիմքը, որով հարկային մարմինները կհաշվարկեն բազային և պայմանագրային եկամուտները, ինչպես նաև պարտադիր կուտակային վճարները:

ՀՀ կառավարության որոշմամբ «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել սահմանված տեսակների և քանակի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք երկրում չեն արտադրվում և կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում:

Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային. «Բողոքները, որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են ` սկսած աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային և սանիտարական վիճակից. հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ:

Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև յոթ հազար մարդ է աշխատում ոսկու շուկայում, որտեղ մենք պետք է զգուշավոր լինենք և շատ լավ պետք է պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիսկերի ենք առնչվում:

Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին և գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան ստուգման մեկ գործընթացի հետ, և մենք վերջնականապես հասկանանք, թե ինչու են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան, ինչու են պարբերաբար մեր քաղաքացիները բողոքում:

Մենք մեր քաղաքացիներին հրապարակայնորեն տեղյակ կպահենք ստուգման արդյունքներին, բացահայտումներին ու այն ռիսկերին, որոնք ցավոք սրտի դրսևորվում են` առաջացնելով նրանց արդարացի դժգոհությունը»:


ՀՀ Կառավարություն