Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջանավարտներն աշխատանքի փորձ կունենան

Հասարակություն
3b51fd6d4d4f7a6bdffb1a791a57f313

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագիրն արդեն 60 կամավոր երիտասարդներ ունի:

Այսօր`կամավորների միջազգային օրվա կապակցությամբ, այս մասին տեղեկացրեց ԱԵՔՆ հկ փոխնախագահ Մարինե Եղոյանը. «Ծրագրի մեկնարկը եղել է օգոստոս ամսին: Այսօր արդեն 60 երիտասարդներ` որպես կամավորներ, աշխատանքային փորձ են ձեռք բերում համապատասխան մարմիններում կամավոր աշխատելով: Երիտասարդները հիմնականում միջազգայնագետներ են, տնտեսագետներ և իրավաբաններ: Ծրագիրը շարունակվելու է մինչև հունվար:
Ծրագրի համակարգող Գայանե Ղանդիլջյանը նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին, ովքեր համալսարանը ավարտելուց հետո չեն կարողանում աշխատանք գտնել փորձի պակասի պատճառով. «Այսօր հազարավոր երիտասարդներ ավարտելուց հետո աշխատանք չեն գտնում, քանի որ գործատուն փորձ է պահանջում: Մեր նպատակը՝ կամավորական աշխատանքների միջոցով նպաստել երիտասարդների մասնագիտական փորձի ձեռքբերմանը»:

Ծրագրի մասնակից, քաղաքագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Այդինյանը արդեն կամավոր աշխատանք է իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմում. «Շատ հետաքրքիր է ու բավականին շատ բան ենք սովորում: Պետական սեկտորում աշխատող մասնագետների հետ շփումն էլ արդյունավետ է: Ուրախ եմ, որ կուտակում եմ մասնագիտական փորձ,որը հետագայում անպատճառ շատ է օգնելու»: