Հրապարակել ընտրողների ցուցակները
2013թ. համապետական ընտրություններից հետո այսօր առաջին անգամ քաղաքական ուժերի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, ԵԱՀԿ ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանի ընտրողների գրանցման, ընտրացուցակների կազմման եւ հրապարակման հիմնախնդիրները։
Առաջարկներ եղան վերանայել բացակայող քաղաքացիներին հաշվառումից հանելու կարգը, հրապարակելու ընտրացուցակները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեցարտերկրների օրինակը՝ ասելով, որ ինքը շատ երկրներում է եղել, բայց չի տեսել, որ ընտրողների ցուցակները հրապարակվեն. «Ընտրական գործընթացի ժամանակ թույլ չտվեցին անգամ ծանոթանալ ընտրացուցակներին, ասացին՝ 10 քայլ այն կողմ կանգնած հետեւեք։ Այսօր էլ խնդիր չկա ցուցակներին ծանոթանալու, երբ ունեցել ենք նման անհրաժեշտություն, երբ վերահաշվարկ իրականացնելու դիմում է ներկայացվել, երբեք էլ խնդիրներ չեն առաջացել»,-ասաց պարոն Մուկուչյանը։
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արման Կարապետյանն իր ելույթում նշեց, որ եթե որեւէ խնդիր չկա, որ ամեն մարդ կարող է ծանոթանալ, թե ով է քվեարկել կամ ով՝ ոչ, ապա . «Տպագրեք, վերջացնենք էլի, եթե ամեն ինչ նորմալ է և միայն տեխնիկական խնդիրներ են ծագում»,-ասաց Պարոն Կարապետյանը։
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս քննարկմանը մասնակցում են իրենց առաջարկով. «Մենք առաջարկում ենք ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ցուցակները։ Եթե հաստատվում է, որ ցուցակների հրապարակմամբ գաղտնիության խնդիր չկա , ապա ի՞նչ խնդիր կա, որ հանրությունը ներգրավվի վերահսկողության գործընթացում, օրինակ՝ քաղաքացին կարող է գալ, ծանոթանալ, տեսնել՝ իր հարեւանն ընտրե՞լ է, թե՞ ՝ոչ»-նշեց պարոն Խուրշուդյանը:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումները կլինեն շարունակական։