Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական պարտքից ոչ ոք տեղյա՞կ չէր

Հասարակություն
937bdabbc33f9280f5ec7d0712343c6a

Կառավարությունն Ազգային Ժողովի ոչ մի պատգամավորի չի տեղեկացրել, որ երկու տարվա ընթացքում Գազպրոմին Հայաստանի քաղաքացիների պարտքը հասել է 300 միլիոն դոլարի
«Ինչ ա, պդի ընձի գան ասե՞ն»,- արձագանքում է ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը։

Համլետ Հարությունյանի համար 300 միլիոն դոլարի պարտքը չստուգված տեղեկություն է. «Իրավասու չեմ չստուգված տեղեկություններին պատասխանել»։

Բանից անտեղյակ հանրապետական Հակոբ Հակոբյանին ֆինանսների նախարարն է ասել, թե ինչպես է ձեւավորվել 300 միլիոն դոլարը, մեզ չի ասի։ Բայց ինքը գազ սպառող է. «Ցանկացած փող ծախսող իրեն խաբված է զգում, իհարկե»։

Անտեղյակներից էին նաեւ հանրապետականներ Մանվել Բադեյանը, Սամվել Ֆարմանյանը։ Վերջինս ենթադրում է, որ եթե այսքան տարիների ընթացքում չի բարձրացել, ուրեմն դրա համար պետք էր վճարել. «Ես տեղյակ չէի, բայց չեմ էլ հետաքրքրվել խորությամբ, որ տեղյակ լինեմ»։

Սամվել Ֆարմանյանը հիշում է, որ կառավարությունն ասում էր՝ ընթանում են բանակցություններ։ Բայց պետք էր, չէ՞, քաղաքացիներին ասել՝ որ բանակցությունները ոչ միայն գազը չթանկացնելու մասին են, այլեւ պարտքեր կուտակելու. «Այո, այո, տրամաբանորեն դուք ճիշտ եք ասում»։

Լեւոն Զուրաբյանն առաջարկում է աջ ու ձախ չընկնել՝ հանրապետական իշխանությունը գազի գինը էժան է թողել եւ անընդհատ կուտակվող 300 միլիոն դոլարի պարտքը գաղտնի է պահել, մինչեւ կավարտվեն երեք համապետական ընտրությունները. «Որ ժողովուրդը չիմանա գալիք թանկացման մասին, որ ավելորդ պրոբլեմներ չստեղծվի իշխանության համար»։

300 միլիոն դոլար պարտքից մինչեւ երեկ անտեղյակ հանրապետական Դավիթ Հարությունյանին հետաքրքիր էլ չէր, թե ինչ պարտքի մասին է խոսքը. «Ունեմ հետաքրքրությունների իմ շրջանակը, իմ ոլորտը»։

Չնայած դրան, ինքը համաձայն չէ պարոն Զուրաբյանի այն մտքի հետ, որ իշխանությունները կուտակվող պարտքը գաղտնի են պահել, որպեսզի ընտրություններից առաջ սոցիալական ընդվզումներ չլինեն. «Իհարկե պարտքեր են կուտակել, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ընտրողները նախընտրում են վճարել ոչ թե իրենց գրպանից, այլ երբ պետությունն է իր վրա վերցնում այդ բեռը»։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նույնպես տեղյակ չէր, որ պարտքի չափը բանակցությունների արդյունքում հասնելու է 300 միլիոն դոլարի, բայց հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել. «Բանակցվում էր, կարող է կուտակվեր, կարող է՝ չկուտակվեր, կարող ա ընդհանրապես զրոյի դուրս գայինք, կարող ա մինուս լիներ»։

Ի դեպ, Վաչե Գաբրիելյանը իրեն խաբված չի զգում այն փաստից, որ Գազպրոմին պարտքեր ունի, որոնց մասին չի էլ ենթադրել. «Դա բնականոն գործընթաց է, որն այժմ է պարզվել»։