Կոմիտաս եւ Բաբաջանյան՝ Նյու Յորքում
Օրերս Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցում «Անմոռաց երգեր» համերգային նոր ծրագրով ելույթ ունեցավ «Շնորհալի» երգչախումբը, որի կատարմամբ երեկոյի ընթացքում հնչեցին հայ անվանի երգահաններ՝ Կոմիտասի, Եկմալյանի,Էդ. Հովհաննիսյանի, Ռ. Ամիրխանյանի, Կ. Պետրոսյանի Խ. Մեյխանեջյանի եւ ուրիշների ստեղծագործությունները: Համերգին իր մասնակցությունն էր բերել երիտասարդ խոստումնալից դաշնակահար Ալեքս Տիրացույանը, որի կատարմամբ հնչեցին Կոմիտասի եւ Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Համերգի հյուրն էր Թուրքահայ ճանաչված երգչուհի Սիբիլը, որի ելույթը ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ:Սիրված երգչուհու ծրագրում ընդգրկված էին Ալ. Հեքիմյանի, Ստ. Ջրբաշյանի, Կ. Ավետիսյանի եւ Հ. Բերբերյանի երգերը:
Համերգին ներկա էին ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ այլ բարձրաստիճան հոգեւորականներ:
«Շնորհալի» երգչախմբի կատարողական բարձր արվեստը ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ:
2007 թ. Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Հայաստանյան եկեղեցու հովիվ Վահան Հովհաննիսյանի (այժմ Անգլիայի հայկական թեմի առաջնորդ) անմիջական ջանքերով եւ ղեկավարությամբ եկեղեցուն կից սկսեց գործել «Շնորհալի» նորաստեղծ երգչախումը, որի անդրանիկ համերգը կայացավ 2008թ ապրիլի 13-ին: Երգչախումբը երկար տարիներ ղեկավարում էր ճանաչված դաշնակահարուհի Արմինե Վարդանյանը:
2013թ սեպտեմբեր ամսից «Շնորհալի» երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Նյու Յորքի հայ համայնքի ճանաչված երգիչ- խմբավար Վաղարշակ Օհանյանը:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի