Նրանք հաճույք են ստանում իրենց աշխատանքից
Վերնիսաժում оճառագործ Լևոն Սարգսյանի տաղավարը տարբերվում է իր յուրահատկությամբ ու հաճելի հոտով: Նրա պատրաստած օճառները տարբերվում են նաեւ բաղադրությամբ. «Այս օճառները չեն պարունակում քիմիական որևիցե նյութ, իրենց տեխնոլոգիան տրադիցիոն ձևն է»:
Չնայած Լևոն Սարգսյանի պատրաստած արտադրանքը առանձնանում է իր տեսքով, սակայն օճառագործը պնդում է, որ տարբերությունն ավելի շատ բաղադրության մեջ է։ «Այն օգտագործում են էկոլոգիստները, ալերգիկները, վերջերս այդ կարգի մարդիկ գնալով շատանում են, որովհետև ձգտում են ամեն ինչի մեջ բնականը տեսնել, որովհետև ամեն ինչի մեջ արհեստականն արդեն հոգնեցրել է մարդկանց»,- ասում է պարոն Սարգսյանը: Օրգանական օճառները հատկապես հետաքրքրում ու զարմացնում են արտասահմանցի զբոսաշրջիկներին. «Իրանց մոտ դա շատ թանկ հաճույք է: Շատերը զարմացած են, որ սենց բան ստեղ էլ կա»:
Օճառագործի տաղավարից ոչ շատ հեռու պատկերներն արդեն ավելի կոշտ նյութից են։ Քանդակագործ Սերգեյ Բենգլյանը նախընտրում է աշխատել տուֆով։ Նա կրկնօրինակում է հայկական հայտնի խաչքարերն ու հեթանոսական արձանները` մարդկանց ներկայացնելով նաև մեր պատմությունը. «Կա ասենք Ղարաբաղյան խաչքար, որ խորհրդանշում է արևն ու հողը: Ունեմ խոյերը, որ մեր հին խոյերն են, առյուծը, որը խորհրդանշում է ուժը: Սա Արենու եկեղեցու խաչքարից ա, որը խորհրդանշում ա կենաց ծառը: Եկեղեցիները, մարդը, որ գալիս ա Հայաստան` չիմանա, թե Խոր վիրապը որն ա, Հռիփսիմեն, հնարավորության չափով ես ուզում եմ մարդկանց տալ մեր պատմությունը»,- ասում է ինքնուսույց քանդակագործը: Նա նաև փորձում է իր պատկերները հնարավորինս մոտեցնել բնօրինակներին, սակայն նրա և հատկապես որդու հետաքրքրության շրջանակը այսքանով չեն սահմանափակվում. Վաճառքում նաեւ կան կրիաների, կատուների ու գիշատիչ կենդանիների արձանիկներ. «Սա իմ որդու աշխատանքն ա ձեռքի, առաջ նա փայտից էր պատրաստում, հիմա՝ քարի վրա»:
Վերնիսաժում առեւտուր անողների եկամուտը տարբեր է՝ կախված գնորդների թվից։ Բայց նրանք չեն բողոքում, ասում են, որ կարողանում են կենսական կարիքները հոգալ և հաճույք ստանալ աշխատանքից: