Ինչպես է դատարանում որոշվում կաշառքի չափը
«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:
Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ։ Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ»,- արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի առաջին էջում նախաբանի փոխարեն գրել է ՀՀ մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը։
Ի դեպ, պարոն Անդրեասյանը այսօր զեկույցը չներկայացրեց անձամբ, փոխարենը նա զեկույցը ներկայացնող գիրքը մակագրում էր լրագրողներին։
Զեկույցը լրագրողներին ներկայացրեց նրա տեղակալ Գենյա Պետրոսյանը։
Վերջինս անդրադառնալով դատարաններում գործող կաշառքի չափերին՝ նշեց, որ կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով։
Իսկ հարցվածները նշել են, որ կաշառքի սակագները դատարաններում տարբեր են՝ օրինակ 1-ին ատյանում 500-ից 10.000 դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2.000-ից 15.000 դոլար, իսկ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլար։
Զեկույցում նաեւ անդրադարձ է կատարվել դատավորների կողմից իրականացվող ճնշումներին։ Ըստ զեկույցի՝ ձեւավորված է Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը։ Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված եւ հսկողությանը ենթակա դատավորներ, որոնք պետք է իրենց հետ համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը՝ միաժամանակ տեղեկացնելով անձնական հանդիպումների կամ հեռախոսազանգերի մասին։
Ի դեպ, զեկույցի ներկայացմանը չի թույլատրվել մասնակցել ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին։ Նրա խոսքերով՝ ՄԻ պաշտպանը անձամբ իրեն ասել է, որ իր ներկայությունից ճնշվում է։