«Բարեկենդանը» բարերար չի գտնում
Արդեն 5 տարի է՝ հայկական ժողովրդական հեքիաթները շրջում են աշխարհով մեկ՝ աուդիո, ինչպես նաեւ տպագիր տարբերակով: Թումանյանի «Բարեկենդան» եւ «Սուտասանը» հեքիաթները աշխարհի բոլոր երեխաններին իրենց լեզուներով հասանելի դարձնելու գաղափարի հեղինակը անհատ հրատարակիչ Ռիչարդ Գիդաչյանն է: Առայժմ հեքիաթները թարգմանված են 14 լեզուներով:
«Օտարերկրացիները աշխարհի տարբեր լեզուներով կկարդան հայկական հեքիաթները, որովհետև ժողովուրդները նախ և առաջ հեքիաթներով են միմյանց ճանաչում», - նշեց ծրագրի հեղինակը:
Հեքիաթների թարգմանության եւ հրատարակության ամբողջ ծախսը Ռիչարդ Գիդաչյանն անձամբ է հոգում: Թեեւ դժվարություններ ունի, սակայն երբեք աջակցություն չի ստացել, ոչ պետությունից եւ ոչ էլ անհատներից. «Երկու կազմակերպությունների դիմել եմ, մեկից ընդհանրապես պատասխան չեմ ստացել, մյուսն էլ մերժեց, որ ֆինանսավորելու հնարավորություն չունի», - ասաց անհատ հրատարակիչը:
Թեև ֆինանսական սուղ միջոցների պատճառով հեքիաթները տպագրվում են սահմանափակ քանակությամբ, հեղինակը համոզված է` նախաձեռնությունը ճանապարհ է հարթելու դեպի ընթերցանությունը եւ սեր է արթնացնելու Թումանյանի հեքիաթների նկատմամբ:
Լեզվաբանը ձայնասկավառակում նաև օրորոցային է ներառել: Անկախ նրանից, թե ինչ լեզվով են ձայնասկավառակում հեքիաթները, օրորոցայինը միայն հայերեն է:
Ռիչարդ Գիդարյանը վստահեցնում է` սա հայկական երաժշտությունը քարոզելու հիանալի միջոց է:
«Յուրաքանչյուր փոքրիկ հեքիաթ լսելուց հետո ուզում է, որ մայրիկը իր համար երգի, սկավառակում տեղ գտած օրորոցայինը կօգնի ծնողներին», - ասաց լեզվաբանը:
Թումանյանի «Բարեկենդանը», որը նաեւ Ֆրանսիա է հասել, ոգևորել է նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին. «Շառլ Ազնավուրն ասաց՝ ես հայերեն չգիտեմ, ասացի Ֆրանսերեն կկարդաք», -պատմում է Գիդաչյանը:
Իսկ մոտ ապագայում Ռիչարդ Գիդաչյանը կհրատարակի Թումանյանի «Տերն ու ծառան», «Անխելք մարդն» ու «Ճամփորդները»։