Երևան- Մոսկվա թռիչք՝ ադրբեջաներենի ուղեկցությամբ
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը դեկտեմբերի 8-ին Երևան- Մոսկվա Աերոֆլոտի թռիչքի (SU1861) ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարելիս միացրել է ավտոմատ ձայնագրությունը, որի բովանդակությունը ծանոթ է յուրաքանչուրի, ով երբևէ ինքնաթիռով ճամփորդել է Ռուսաստան. ուղեվորները, որոնք ՌԴ կամ Բելառուսի քաղաքացիներ չեն, ժամանելով օդանավակայան, պետք է ներկայացնեն լրացված միգրացիոն քարտը։
«Այն, որ զգուշացնում են, շատ նորմալ է` ՌԴ-ի միգրացիոն քաղաքականություն է, և այդպես էլ պետք է լինի: Հարցն այն է, թե ինչ լեզվով է հնչում ձայնագրությունը: Շատերդ երևի մտածեցիք` անգլերեն ու ռուսերեն,- գրառում է արել Թեւան Պողոսյանը:- Բայց դրանք ախր 2-րդ և 3-րդ լեզուներ պետք է լինեն:
Առաջինն ըստ տրամաբանության պետք է որ հայերենը լիներ, բայց ավաղ... ադրբեջաներեն էր... Ցավալին էլ այն չէր, որ ներողություն չխնդրեցին այլ այն, որ հայերենն այդպես էլ չդրեցին: Կամ չունեին, կամ էլ համարեցին, թե, ինչ մի մեծ բան է եղել որ: Բայց այդ դեպքում, ինչու ունեն ադրբեջաներեն, իսկ հայերեն՝ ոչ:
Կամ պատկերացնո՞ւմ եք ինչ տեղի կունենար հաջորդ օրը, եթե ադրբեջան(ից) ժամանող ինքնաթիռում տեղի ունենար տրամագծորեն հակառակը՝ աններողություն ու անուղղում միացվեր հայերեն ձայնագրությունը. է՛լ հատուկ լուրերի թողարկում, որ ադրբեջանական ԱԳՆ-ն նոտա է հղել, էլ դեսպանին կանչել ու Աերոֆլոտի պորտը տեղը դնել:
Այստեղ են ասել. մի անգամ փորձեք արժանապատվություն դրսևորել, եթե ունեք իհարկե... վստահ եմ, որ կապրեք հպարտ երկրի քաղաքացի լինելու հաճույքը ու երևի թե կրկին փորձեք»։