Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁԻԱՀ-ի դեմ՝ ռուսական ընկերության հետ

Հասարակություն
07a3aad3afe0e8fcd6a5066f15d33861

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ ԿՀԿ) այսօր կայացավ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում վերանորոգված ուսումնական ռեսուրսային կենտրոնի, հոգեբանա-սոցիալական խորհրդատվության, համաճարակաբանական հսկման և կանխարգելման ենթակառուցվածքների բացման արարողությունը:


Ըստ ՁԻԱՀ ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի՝ վերանորոգված ուսումնական ռեսուրսային կենտրոնում հնարավոր կլինի անցկացնել մոտ 150 հոգու մասնակցությամբ համաժողովներ, գիտաժողովներ, զուգահեռ սեմինար-վարժանքներ և խմբային աշխատանքներ, ինչը կնպաստի գիտաուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը:


Դահլիճի հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով հնարավորություն կտա անցկացնելու տեսակոնֆերանսներ և անհրաժեշտության դեպքում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու ՄԻԱՎ վարակով հիվանդների վարման բարդ դեպքերը: Ուսումնական ռեսուրսային կենտրոնի հնարավորությունները կարող են օգտագործվել ինչպես ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, այնպես էլ տարբեր պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների կողմից:
Ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ ԿՀԿ-ին տրամադրվել է նաև համակարգչային տեխնիկա և գրասենյակային գույք:


Ամփոփելով խոսքը` Սամվել Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, որոնց աջակցությամբ հնարավոր եղավ իրականացնել այդ աշխատանքը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի անունից ողջույնի խոսք ասաց նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը։ Խոսելով Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրի մասին` նախարարի տեղակալը նշեց, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության խոցելի խմբերի, այդ թվում միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, կանխարգելման և հսկման համակարգերի ներուժի ամրապնդմանը:


Միջոցառման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց համագործակցության և փոխըմբռնման եռակողմ համաձայնագիր:

Փաստաթուղթը կարգավորում է ազգային ծրագրերի և ռազմավարությունների հիման վրա Հայաստանում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ծրագրի արդյունավետ իրականացման և համակարգման ապահովման համար անհրաժեշտ հարաբերությունները: