Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիֆլիսահայերը եկեղեցուց դուրս համախմբված չեն (տեսանյութ)

Հասարակություն
6387fd1604e481401be08608fdc38d7b

«Ապրեք, որ եկել եք»,- Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում հավաքված հայերին ասում է Վիրահայոց թեմի առաջնորդը, որը ղեկավարում է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագը:

Թիֆլիսահայերը ոչ մի պատարագ բաց չեն թողնում։ Եկեղեցուց դուրս նրանք այդքան էլ համախմբված չեն։ Քահանան ցույց է տալիս հենց մուտքի մոտ ծվարած Եհովայի հայ վկաներին:

Հայկական դրամատիկական թատրոնի տնօրեն, խորհրդարանի նախկին պատգամավորը դժգոհում է՝ նախկինում բոլոր հայերը համախմբված էին մեկ հայկական կազմակերպությունում՝ Վրաստանի հայերի միությունում։ Հիմա դրանք 20-ն են:
Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը ցավով նշում է, որ այս կազմակերպությունները միմյանց հետ չունեն։

Թիֆլիսահայերը միաձայն չեն նաեւ տեսախցիկի դիմաց եւ տեսախցիկից դուրս իրենց խնդիրները շարադրելիս։ Ամենադժվարն իրենց խնդիրը Վրաստանի իշխանությունների վերաբերմունքով պատճառաբանելն է։
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ Սամվել քահանա Թորոսյանը զգուշացնում է. «Ուրեմն, քաղաքական հարցեր չհնչեն ընդհանրապես, որովհետեւ քաղաքական հարցերը հիմա մի քիչ սառեցված են»:

Քահանան, սակայն, չի թաքցնում, որ հայերը Վրաստանում ունեն սոցիալական խնդիրներ եւ դա ազդում է համայնքի թվի վրա։ Եկեղեցին նրանց հույս է տալիս. «Անգործ մարդուն ինչքան էլ հույս ներշնչես, ընտանիքը սոված է, նա մի տեղ պիտի գնա հացի որոնման, էս մոմենտը կա, էլի»։

Կազմակերպությունների ավելացմանը զուգահեռ Թբիլիսիում պակասել է հայկական դպրոցների քանակը։ Մոտ հարյուրի հասնող հայկական դպրոցներից մնացել է միայն մեկը։ Նախավերջինը փակվել է 2011-ին։ Ուսուցչուհիներից մեկի խոսքերով, մեղավոր են հայ ծնողները. Ըստ «Հայարտուն» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ֆաթիմա Սահակյանի՝ «Չեն ուզում, եղբայր, ռուսական դպրոց են տալիս, վրացական դպրոց են տալիս»։

Հայերի մի մասը դժգոհ չէ վրացիների վերաբերմունքից։ Բայց տեղացի հայերից մեկն ասում է, որ ինքը չգիտի՝ Վրաստանում հայ միլիոնատեր կա՞, թե ոչ։
Լեւոն Շիրինյանը հայ համայնքի ամենագործնական դեմքերից է, ղեկավարում է «Հայարտունը»։ Ասում է, որ վրացիները հայերի հանդեպ պետական կամ այլ ծառայություն մտնելուն չեն խանգարում։ Բայց չեն էլ օգնում։

Հոգեհանգստյան պատարագն ավարտվում է։ Սակայն ընդամենը երկու օր հետո հայերը կրկին միասին են եկեղեցու ներսում։ Թեմի առաջնորդը բոլորին օրհնում է Թբիլիսիի տասնյակ հայկական եկեղեցիներից մեկուսացած եւ վրացական եկեղեցիներով շրջապատված հայկական միակ գործող եկեղեցում։