Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարությունը դեռ Գյումրի չի տեղափոխվի»

Հասարակություն
6a3038714bbcf0d223b3cc0a4d30a1bf

«Մշակույթի նախարարությունը դեռ կմնա Երեւանում, Գյումրի չի տեղափոխվի»,-
անդրադառնալով Մշակույթի նախարարության Գյումրի տեղափոխվելու լուրերին՝ այսօր «Ա1+»-ին հայտնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը։

«Գյումրի տեղափոխվելու վերաբերյալ դեռ միայն նախագիծ կա, որը քննարկման փուլում է, նախագիծն ընդունվելուց հետո, որոշում կայացնելուց հետո ձեզ անպայման կհայտնենք»,-ասաց նա։

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը կողմ է, որ Մշակույթի նախարարությունը մայրաքաղաքից տեղափոխվի հայրաքաղաք։

«Գյումրեցու համար հպարտություն կլինի, որ մշակույթի նախարարությունը տեղափոխվի իրենց քաղաք, թե չէ շրջաններում շատ են նեղվում, որ իրենց անտեսում են, օրինակ՝ Գյումրիից այս տարի 25 հազար մարդ է հեռացել։

Մյուս կողմից էլ, ախր, Երեւանում են կատարվում բոլոր լուրջ միջոցառումները և լինել դրանից հեռու՝ մի քիչ անհեթեթ է։ Բայց ես կողմ եմ, որ Մշակույթի նախարարությունը տեղափոխվի Գյումրի։ Ընդհանրապես, նախարարություններ կան, որ պետք է ցրված լինեն մարզերով»,-նշեց Նիկոլայ Ծատուրյանը։

Նիկոլայ Ծատուրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ինքը շարունակում է ղեկավարել Վարդան Աճեմյանի անվան թատրոնը. «Ինձ չազատեցին, ոչ մի բան էլ չեղավ»։

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Նիկոլայ Ծատուրյանից ազատման դիմում էր պահանջել։