Սիրիահայի ապրուստի միջոցը օճառն է
Սիրիահայ Շանթ Խայալեանի արտադրած օրգանիկ օճառներով հիացել են նույնիսկ Հորդանանի թագավորությունում, եւ նրան հրավիրել պալատ. «Նվեր տվեցին, հուշանվերներ տվեցին, շնորհակալական բաներ ասեցին, պատվոգիր տվեցին, սակայն ասացի՝ ես չեմ մնում ձեր երկրում, ես ուզում եմ գնալ Հայաստան», - ասաց նա:
Շանթ Խայալեանի օճառների բաղադրատոմսը ստանալու խնդրանքով նրան են դիմել տարբեր երկրների օճառագործներ: Իր գիտելիքները սիրով տրամադրել է բոլորին: Այսօր հպարտ է, որ Սիրիայում սկսած գործը շարունակում է հայրենիքում: Իր օրգանիկ օճառները մտադիր է նաեւ արտահանել. «Մարդիկ շատ հետաքրքրված են` Լիբանանից էլ, Ռուսաստանից էլ, Չինաստանից էլ», - ավելացրեց սիրիահայը:
Հենց մեր ներկայությամբ Շանթը երիցուկով օճառ պատրաստեց: Յուրաքանչյուր օճառ պատրաստում է իր ձեռքով՝ միայն բնական ծաղիկներով. մրգերով ու բուսայուղերով: Նրա պատրաստած յուրաքանչյուր օճառ առնվազն մի քանի խնդիրներ է լուծում. «Գազարինը մարդու մաշկը սպիտակեցնում է, ունենք ռամաշկայի օճառ, որն օգնում է ծերության դեմ պայքարին, այսինքն` կնճիռներին», - տեղեկացնում է օճառագործը:
Շանթը կասկած չունի, որ իր օճառները, որոնք մտադիր է թե Հայաստանում վաճառել, թե արտահանել իբրեւ հայկական արտադրանք, եկամտաբեր կլինեն, սակայն դժվարանում է շուկա դուրս գալ. «Իդեալականության ենք ուզում հասնել, որ մեր հայկական ապրանքով Եվրոպական կամ Ռուսական շուկա ներմուծենք, անունը բարձր պահենք, ամենակարևորն այդ է»։