Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԸ` ԻԲՐԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՉԽԱՄՐՈՂ ՕՐԻՆԱԿ

Մշակույթ

«Տարիներ առաջ հրատարակվեց Ծատուր Աղայանի «Հայերը Թուրքիայում» գիրքը, որտեղ հեղինակը պատմում էր Թուրքիայում եղած իր հանդիպումների մասին: Այդ գրքում նկարագրվում է մի միջադեպ. Թուրքիայի հանրագիտարանի գլխավոր խմբագիրը՝ Հակոբ Մարթայանը, որին Աթաթուրքը կոչել էր դիլաչար, այսինքն՝ լեզվի բանալի, իսկ ինքը՝ Հակոբ Մարթայանը, Աթաթուրքին կնքել էր թուրքերի հայր անվամբ:

Մի խնջույքի ժամանակ, որին ներկա են լինում հույներ, գերմանացիներ, Հակոբ Մարթայանը եւ թուրքական ռազմական ղեկավարությունը, Աթաթուրքն առաջարկում է հավաքվածներից յուրաքանչյուրին երգել իր հայրենի երգը: Հույնը հրաժարվում է հունարեն երգել, պատճառաբանելով, թե իր մայրենի լեզուն թուրքերեն է դարձել, գերմանացին երգում է գերմաներեն եւ երբ հերթը հասնում է Հակոբ Մարթայանին, նա երգում է Անդրանիկին նվիրված «Իբրեւ արծիվ սավառնում ես...» երգը: Հավաքվածները ապշահար նայում էին Աթաթուրքին եւ սպասում նրա մի բառին , մի արտահայտությանը, որպեսզի սրախողող անեն հային, բայց Աթաթուրքը պարզապես լռեցնում է նրանց՝ ասելով. «Ես կուզենայի տեսնել, թե՞ կերգեիք Աթաթուրքին նվիրված երգը, երբ թուրքերդ նույն իրավիճակում՝ հայ զորահրամանատարների շրջանում գտնվեիք»,- այսօր Անդրանիկ Օզանյանի 140- ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս օրինակը ներկայացրեց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, քանզի, իր իսկ բառերով, զորավարը մեր ժողովրդի համար հայրենասիրության խորհրդանիշ է, անկախ այն բանից, թե որ քաղաքական գործիչը ինչ նկրտումներով եւ ինչպես կգնահատի նրա գործունեությունը:

Ազգային գրադարանում այսօր կազմակերպել էին Անդրանիկի 140-ամյակին նվիրված ցուցադրություն, որտեղ ներկայացված էր նրա կյանքը ներկայացնող գրքեր, հոդվածներ, լուսանկարներ: