ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆԱՊԱ՞Տ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Ամերիկյան համալսարանի շրջակա միջավայրի պահպանության եւ հետազոտության կենտրոնի կողմից գծված քարտեզների համաձայն՝ Հայաստանի անտառածածկույթը, որը 1991թ.-ին եղել է 2848կմ քառակուսի, 2010թ-ին կլինի արդեն 1168 կմ քառակուսի:
Գյուղակադեմիայի արտաքին կապերի դեպարտամենտի պետ եւ անտառագիտության ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Հովիկ Սայադյանը համաձայն չէ. «Ներկայացված քարտեզներից եւ ոչ մեկը չունի մասնագիտական գիտական հիմնավորում: Օրինակ՝ 1991թ. ցանկացած պաշտոնական տեղեկատվության մեջ նշում է, որ Հայաստանի անտառածածկը 334100 հեկտար է, որը վերածելով կիլոմետրերի՝ ստացվում է 3341, իսկ սա չի համապատասխանում նշված տվյալին: Եթե ցանկացած ամենաթույլ մասնագետը բացի ՄԱԿ-ի պարենի գյուղատնտեսության կազմակերպության տեղեկատվությունը, 1990-2000թթ. Հայաստանի տարածքում նկատվել է անտառածածկի ավելացում: Բայց այստեղ հակառակ տենդենցն է: Իրականում նվազում է, բայց ոչ այդ չափսերով, ինչ ցույց է տրված» :
Այսօր Գյուղատնտեսական ակադեմիայի անտառագիտության ֆակուլտետում «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «Ճանապարհ դեպի անապատ» խորագրով թվով չորրորդ ցուցահանդեսը:
Ըստ «Հայաստանի անտառներ»ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանի՝ ցուցահանդեսների շնորհիվ բարձրանում է հասարակության իրազեկությունը: «Այդ ցուցադրություններից հետո շատ արձագանքներ ունենք, նույնիսկ կամավորական շարժում է առաջանում: Այսինքն՝ մարդիկ կան, որ ուզում են ակտիվ մասնակցել եւ' պայքարին, եւ' անտառտնկման աշխատանքներին: Բացի դրանից, նախորդ մեր ցուցահանդեսներին մասնակցել են եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ, որի արդյունքում մեր կազմակերպությունը ֆինանսավորվել է, եւ հնարավորություն ենք ստացել լրացուցիչ ծրագրեր անել, բացի մեր նախատեսված ծրագրերից: Մասնակցել են եւ ազգային ժողովի անդամներ, եւ կառավարության անդամներ, որոնք մի շարք կարեւոր որոշումներ են ընդունել: Օրինակ՝ ապօրինի հատման դեմ պայքարի ծրագիրը, միջոցառումների պլանը եւ անտառային քաղաքականությունը»,- ասաց Նազելի Վարդանյանը:
Ցուցադրությանը ներկայացված էին լուսանկարիչներ Կարեն Ասատրյանի, Ջեֆֆրի Թուֆենկյանի, Ռիչարդ Կրաուզեի աշխատանքները: Լուսանկարներում ներկայացված էին Սյունիքի՝ Շիկահողի արգելոցը, Շամշադինի՝ Տավուշ գետը, Լոռիի՝ Շամլուղը, Նոյեմբերյանի՝ արտահանվող փայտանյութերը եւ Դիլիջանը: