ԲԻԼԻ ՈՒԱՅԼԴԵՐԻ ՖԻԼՄԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԿինոաշխարհում հայտնի Հոլիվուդյան ամենահամարձակ կինոռեժիսորներից մեկի՝ Բիլի Ուայլդերի ֆիլմերից 16-ը կցուցադրի ՀՀ ազգային պատկերասրահի Կինոծրագրերի բաժինը: Ֆիլմերը կցուցադրվեն պատկերասրահի 9-րդ հարկի դահլիճում, մարտի 5-ից` յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին:
Այս կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսից անմիջապես հետո ցուցադրվեց մի քանի անվանակարգերում Օսկարի արժանացած Բիլի Ուայլդերի «Սանսեթ բուլվար» գեղարվեստական ֆիլմն անգլերենով:
Ի դեպ, նշվեց, որ բոլոր ֆիլմերն էլ ներկայացվելու են բնագրով: Ֆիլմերի դիտումն անվճար է լինելու,` չհաշված թանգարանի մուտքի վարձը:
Կինոգետ Դավիթ Մուրադյանը, կարեւորելով ակցիան, նկատեց, որ նման ֆիլմերի ցուցադրումը մեկ անգամ եւս կհիշեցնի հայ արվեստասեր հասարակությանը, որ ամերիկյան իսկական ֆիլմերը ոչ այն ֆիլմերն են, որոնք մեզ հրամցնում են Երեւանի մեծ կինոթատրոններում:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն էլ ավելացրեց, որ իրենց նպատակը կինոբիզնեսը չէ, այլ փորձում են իսկական կինոարվեստը փոխանցել երիտասարդներին, հատկապես արվեստի ոլորտում սովորող ուսանողներին:
Ավելացնենք, որ ազգային պատկերասրահը մարտի 9-ից ամեն չորեքշաբթի, կշարունակի արվեստի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումը, որն, ինչպես նաեւ վերոհիշյալ ակցիան հովանավորում է ԱՄՆ դեսպանատունը: