ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԹԵՀՐԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից
Ամեն երեկո Թեհրանի Մարիոնետների թատրոնում ներկայացվում է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ եւ Զոհրաբ» օպերան: Դահլիճն ամեն երեկո լեցուն է այնքան, որ թատրոնի տնօրինությունը որոշել է այսուհետ շաբաթվա որոշ օրերին օպերան ներկայացնել օրը 3 անգամ: «Երբ Ավստրիայի Ֆիլհարմոնիկը եկավ Պարսկաստան եւ կատարեց Մոցարտի օպերան մարիոնետներով, Իրանի նախագահը տեսավ այդ, ներշնչվեց այդ գաղափարով, ասաց, որ պետք է «Ռոստամ եւ Զոհրաբը» նույն ձեւով՝ ավստրացիների պես մարիոնետներով կատարվի: Ավստրիայում պատվիրեցին այդ բոլոր բարդ տիկնիկները, նոր ձայնագրություն արեցինք , հատուկ թատրոն սարքեցինք , որ կարողանամ այդ օպերան կատարել, հիմա շուրջ 2 ամիս է, որ ամեն գիշեր կատարվում է եւ միայն մեծերն են հաճախում»,- ասում է Լորիս Ճգնավորյանը, որը հիմա Թեհրանում է: Ի դեպ, կոմպոզիտորը 25 տարվա ընթացքում իր «Ռոստամ եւ Զոհրաբ» օպերան գրել է 8 տարբերակով: Վերջին տարբերակը ներկայացվելէ Վիեննայում, Լոնդոնում, ինչպես նաեւ Հայաստանում: Ներկայացումը դիտելուց հետո բազմաթիվ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ հիացած առաջարկել են օպերան իրենց երկրներում ներկայացնել նույն կերպ:
Լորիս Ճգնավորյանի` «Փարդիսը եւ Փարիսան» հեքիաթ- օպերան հնարավոր է ներկայացվի Երեւանի տիկնիկային թատրոնում: Կա արդեն նախնական պայմանավորվածություն:
Մի քանի օրից Լորիս Ճգնավորյանը գալու է Հայաստան: «Մի քանի օր արական երգչախմբի հետ փորձեր անելուց հետո՝ պետք է մեկնենք Վիեննա` մասնակցելու մարտի 23-ին կայանալիք միջազգային փառատոնին: Այնտեղ կատարելու եմ ըստ հայկական շարականների՝ ծննդից մինչեւ համբարձումը Քրիստոսի կյանքը ներկայացնող ստեղծագործություն, որը 30 տարի առաջ եմ գրել»,- նշեց անվանի կոմպոզիտորը: