Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտապեք գրկախառնվել

Կարևոր լուրեր Հասարակություն
grkaxarnutyun

Այսօր մի ամաչեք գրկախառնվել։ Ամեն տարվա հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը: Հենց այս օրն ամբողջ աշխարհում աղջիկներն ու տղաներն առանց որևէ ինտիմ ենթատեքստի ամուր գրկում են միմյանց: Տոնի կապակցությամբ կարելի է գրկել անգամ անծանոթներին: Թեպետ տոնը երիտասարդ է, սակայն ոչ ոք հստակ չի հիշում, թե որտեղից է այն առաջացել: Համաձայն տոնի մասին լեգենդի, օրը հորինել են մի քանի երիտասարդներ, միայն թե անարգել կարողանան գրկել իրենց ուզած մարդուն: Օրն առաջին անգամ նշվել է ԱՄՆ-ում 1986 թվականին, այնուհետև տարածվել է տարբեր երկրներում: Հոգեբան Մարիամ Մեհրաբյանի խոսքով` գրկախառնության ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգևոր ջերմությամբ: Ըստ նրա, գրկախառնությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական նշանակություն ունի: Հոգեբանը վստահեցնում է` գրկախառնությունը կոտրում է նաև մարդկանց միջև եղած կոնֆլիկտներն ու կարծրատիպերը. «Գրկախառնվելը պարտադիր պետք է լինի այն ընտանիքներում, որտեղ կոնֆլիկտներ հաճախ են լինում»,- նկատում է Մարիամ Մեհրաբյանը: Հոգեբանը նշում է, որ գրկախառնությունը նպաստում է նաև միջանձնային հարաբերությունների բարելավմանը: «Ա1+»-ի հարցումները ցույց տվեցին, որ մեր համաքաղաքացիներից շատերը տեղյակ չէին անգամ տոնի գոյության մասին։